Մատչելիության հղումներ

Վարչապետի հանձնարարականից հետո «Հին Երևան» նախագիծը սկսել է տեղից շարժվել


Քանդվող շենք Երևանի կենտրոնում, արխիվ
Քանդվող շենք Երևանի կենտրոնում, արխիվ

15 տարի թղթի վրա մնացած «Հին Երևան» նախագծի շինարարությունը հնարավոր է սկսվի մոտ ժամանակներս, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը։

2005-ից ի վեր ճարտարապետը մերթընդմերթ քանդում ու նորից հավաքում է «Հին Երևանի» մակետը, բայց մայրաքաղաքի փոքր կենտրոնում դրանից ոչինչ չի փոխվում։ Աբովյան-Բուզանդ, Արամի փողոց-Կողբացի հատվածներում նախատեսված ծրագրի ձգձգումից, վերջերս դժգոհեց նաև վարչապետը։ Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարեց այլևս չուշացնել ներդրողի նկատմամբ ստանձնած պարտավորությունները և պատճառաբանություններ չփնտրել գործն անավարտ թողնելու համար։ Կարապետյանի խոսքերը հույս են ներշնչել ճարտարապետին։

«Հանձնարարականից հետո անմիջապես այդ բոլոր օղակները անհանգստացած սկսում են արդեն ինձ անհանգստացնել, զանգահարում են, նյութ են ուզում», - պատմեց նա:

Թե ինչո՞ւ մինչև այսօր սայլը տեղից չի շարժվել՝ Վարդանյանը չի ցանկանում պարզաբանել: Ասում է՝ մոռանանք, անցած պատմություն է։ Նախագծի հեղինակի խոսքով, նախնական հաշվարկով 150 միլիոն դրամ ներդրում պատրաստվում է անել երկու ընկերություն, որոնք այս գործում ներգրավված են 2015 թվականից: Տարածքի փոքր հատվածը՝ 3,500 քմ, պատկանում է տեղացի գործարար Վահե Հարությունյանին, իսկ մեծը՝ 16,500 քմ, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին։

«Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել ներդրողների հետ:

Երիտասարդ ճարտարապետ Սևադա Պետրոսյանն ասում է՝ հին Երևանի շունչը նորից զգալու խոստումները գեղեցիկ են հնչում, բայց այն չի լուծելու քաղաքաշինական կարևոր խնդիրները, այլ դառնալու հերթական ներդրումային ծրագիրը, ինչպես, օրինակ՝ Հյուսիսային պողոտան:

«Այդ բոլոր խոսքերը ուղղակի շահարկումներ են: Դա ուղղակի մեծ ներդրումային ծրագիր է», - ասում է Պետրոսյանը:

Մինչդեռ նախագծի հեղինակը այլ կարծիքի է՝ սա զբոսաշրջիկին ներկայանալու լավագույն վայրն է դառնալու։ Նախագծի վերջնաժամկետը 2021 թվականն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG