Մատչելիության հղումներ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել


Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել՝ ճանապարհ հարթելով նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու համար, հայտնում է պատրիարքարանի պաշտոնական կայքէջը:

Հրաժարականի մասին Աթեշյանն այսօր հայտարարել է պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են համայնքային հիմնադրամների ղեկավարները, համայնքային գործիչներ և հայալեզու թերթերի խմբագիրները:

Պոլսո «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով ևս ներկա է եղել հանդիպմանը, «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց այս կարևոր զարգացման մանրամասները, որով, ըստ էության, հարթվում է Հայոց նոր պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամը:

«Սա երկար շաբաթներ սպասված և հասունացած մի իրադարձություն էր», - նշեց Գոչունյանը:

Մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն քվեարկության արդյունքների հրապարակումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որի համաձայն` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէր սկսել, և հրաժարվել էր թողնել պաշտոնը: Ստեղծված իրավիճակի հետևանքով ընտրված տեղապահը չէր կարողացել անցնել իր պարտականությունների կատարմանը: Այս ճգնաժամային իրավիճակը սուր հակասությունների պատճառ էր դարձել ստամբուլահայ համայնքում:

Պատրիարքարանի կայքից տեղեկանում ենք, որ ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այժմ գտնվում է Գերմանիայում, հրավիրվել է Ստամբուլ՝ ստանձնելու իր օրինական պարտականությունները: Արա Գոչունյանի փոխանցմամբ` Բեքչյանը մոտ տասն օրից կժամանի Ստամբուլ:

«Համայնքը ճգնաժամից դուրս բերելու հեռանկարը ուրվագծված է», - կարծում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: - Պետությունը բավարար ազդանշաններ տվել է, որ պատրաստակամ է տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հանգամանքը ճանաչելու», - հավելեց Արա Գոչունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG