Լեհաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Մանչեսթրի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների թվում Լեհաստանի երկու քաղաքացի կա:
Լեհաստանի արտգործնախարարությունը հրապարակել է նրանց անունները՝ անգլիական Յորք քաղաքում ապրող Անգելիկա և Մարցին Քիլս ամուսինները մեկնել էին Մանչեսթր՝ Արիանա Գրանդեի համերգին մասնակցելու եկած իրենց դուստրերին տուն տանելու համար:
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին, մասնավորապես, հայտարարել է․ - «Ծնողները եկել էին համերգից հետո իրենց երեխաներին վերցնելու, և դժբախտաբար՝ մեր ունեցած տեղեկատվության համաձայն, նրանք զոհվել են: Երեխաներն անվնաս են»:
«Մենք կիսում ենք հարազատների վիշտը: Լեհաստանի հյուպատոսները զոհերի հարազատներին աջակցություն են առաջարկել», - ասված է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Մանչեսթրի համերգասրահում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել, 59-ը վիրավորվել են: Զոհվածների ու վիրավորների մեջ դեռահասներ և երեխաներ կան: Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթրի համերգասրահում պայթյունն իրականացած Սալման Աբեդին տեղում մահացել է: