Մատչելիության հղումներ

Մանչեսթրի ահաբեկիչը «ապացուցված» կապեր ուներ «Իսլամական պետության» հետ


Ոստիկանները հսկողություն են իրականացնում Մանչեստրի համերգասրահի մոտակայքում

Մանչեսթրի համերգասրահում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող Սալման Աբեդին նախկինում այցելել էր Լիբիա, «հնարավոր է նաև» Սիրիա և կապեր ուներ «Իսլամական պետություն» խմբավորման հետ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը:

BFMTV-ի հետ զրույցում Կոլոմբը, մասնավորապես, ասել է․ - «Այսօր մենք գիտենք միայն այն, ինչ բրիտանացի քննիչներն են մեզ ասել՝ նա Բրիտանիայի քաղաքացի է, ով արմատներով Լիբիայից է և Լիբիա, այնուհետև հավանաբար նաև Սիրիա կատարած այցից հետո հանկարծ ծայրահեղական հայացքներ է որդեգրել և որոշել է իրականացնել այս հարձակումը»:

Լրագրողի հարցին, թե արդյոք Աբեդին ավելի մեծ ցանցի անդամ է եղել, Կոլոմբը պատասխանել է․ - «Մենք դեռ չգիտենք, հավանաբար այո: Ամեն դեպքում նրա կապերը ԻՊ-ի հետ ապացուցված են»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Մանչեսթրի համերգասրահում իրականացված ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ: Այսօր Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Էմբըր Ռադը BBC-ին ասել է, թե հնարավոր է՝ հարձակվողը միայնակ չի գործել:

Մանչեսթրի համերգասրահում իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում 22 մարդ է զոհվել, 59-ը վիրավորվել են: Զոհվածների ու վիրավորների մեջ դեռահասներ և երեխաներ կան: Առողջապահական համակարգի պաշտոնյաներն ասել են, որ վիրավորվածներից 20-ի վիճակը ծանր է:

BBC-ն հաղորդում է, որ ձերբակալությունները կատարվել են Մանչեսթրի հարավում: Ձերբակալվածներից մեկը Սալման Աբեդիի եղբայրն է:

Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթրի համերգասրահում պայթյունն իրականացած Սալման Աբեդին տեղում մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG