Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վախեցած չէ: Իրավապահներն առայժմ զբաղված են հետաքննություն անցկացնելով։
Իսկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խնդրանքը՝ ուղղված ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, բավարարված չէ։ Զոհրաբյանը խնդրել է ապահովել Պետրոսյանի ընտանիքի անվտանգությունը։
Ինեսսա Պետրոսյանին առայժմ միայն կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու։
Շուրջ 20 տարի փաստաբանական գործունեություն իրականացող Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նման կերպ իրեն ու ընտանիքին երբեւէ չէին սպառնացել։
Բազմաթիվ քաղաքական գործերում ներգրավված փաստաբանն ասում է՝ վախեցած չէ, բայց անվտանգության միջոցառումների կարիք տեսնում է․ - «Պալատի նախագահը նրան նման պահանջ ներկայացրել էր»:
Անցած մեկ ամսում փաստաբանը սպառնալիքներ է ստացել թե՛ Էրեբունու դատարանի շենքում, և թե՛ համացանցում։
Ինեսսա Պետրոսյանն անցած ամռանը Նուբարաշենի խճուղում սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով նրա կնոջ՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչն է դատարանում։ Նրա կասկածներն ուղղված են ամբաստանյալներից մեկի՝ Արտաշես Չիչոյանի հարազատներին․ - «Ապրիլի 21-ին դատական նիստից առաջ երբ մոտեցա դատարանի շենքին, արդեն ինձ մոտեցան երկու տղամարդ, ներկայացան որպես ամբաստանյալ Չիչոյանի հարազատներ: Սկզբում սկսեցին էսպես խոսել՝ Դուք փաստաբան եք, կին եք, մի խառնվեք, մի մտեք մեր ընտանիք: Այնուհետև սկսեցին սպառնալ ինձ և իմ ընտանիքին՝ որ ես գործ չունեմ իրենց հետ, որ միևնույն է իրենց տղան սպանություն չի արել, նա ոչ մի պարագայում չի նստելու երկար, շատ-շատ 5-10 տարի: Հստակ է, որ այդ ամբողջ պրոցեսը ղեկավարվում է հենց Չիչոյանի հարազատների կողմից»:
Վերջին սպառնալիքը փաստաբանը ստացել է մայիսի 20-ին․ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նամակ է ստացել Նարինե Արզումանյան անվամբ հանդես եկող օգտատերից։ Նամակում նշվում է, որ եթե շարունակի սուտ խոսել, լավ չի լինի։ Հիշեցրել են, որ ընտանիք ունեցող կին է, սպառնացել՝ եթե շարունակի հիմարությունները, նրան չի փրկի ո՛չ լեզվաբանը, ո՛չ էլ իրավապահները։ «Էդ երդում ա մեր կողմից, հիշի ու փախի», - փաստաբանին ուղղված իր նամակն այս խոսքերով է ավարտում Նարինե Արզումանյան անվամբ օգտատերը։
«Հասկանալի էր, որ այդ նկարները, որոնք տեղադրված էին այդ Նարինե Արզումանյանի էջի տակ, կեղծ է․․․ արդեն օրվա վերջում իմ ֆեյսբուքյան ընկերներից ինձ նամակ ուղարկեցին՝ ասելով, որ իրենք շատ լավ ճանաչում են նկարում պատկերված կնոջը, և դա Նարինե Արզումանյանը չէ: Եվ պետք է ասեմ, որ արդեն մի երկու օր առաջ այդ կինը ինձ զանգահարեց, ասաց, որ իր ընտանիքը շատ վատ վիճակում է, որովհետև օգտագործել են իր նկարները և նման ստոր նամակ են ուղարկել»:
Նուբարաշենի խճուղու վրա անցած ամռանը տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվում են 5 երիտասարդներ, որոնցից ոչ ոք իր մեղքը չի ընդունում։ Նրանցից մեկը՝ Խաչիկ Կոսյանը արդարադատության գնդապետի որդի է, և խնամիական կապ ունի Արտաշես Չիչոյանի հետ։
Պետրոսյանի փոխանցմամբ՝ դատական նիստերը ուղեկցվում են ամբաստանյալների հարազատների աղմուկ-աղաղակով, հայհոյանքներով և մյուս կողմի հասցեին հնչեցվող սպառնալիքներով․ - «Առարկում էի միջնորդության դեմ և այդ պահին միանգամից լսեցի հետևի շարքից ձայն՝ վեր կացեք, մենք ստեղ չենք մնալու: Ես շրջվեցի, էնտեղ արդեն բոլորը հայհոյում էին: Հայացքս ընկավ նույն ամբաստանյալ Չիչոյանի հարազատին, ով որ ինձ սկսեց սպառնալ, ասել, որ իմ ու իմ ընտանիքի վերջը տալու է․․․ Ահավոր հայհոյանքներ․․․»
Արտաշես Չիչոյանի փաստաբան Միհրան Պողոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քանի դեռ իրավապահները չեն բացահայտել սպառնալիք հնչեցրած անձանց, իրենք ձեռնպահ կմնան գնահատական տալուց։
Փաստաբանի նկատմամբ հնչեցված սպառանալիքները դատապարտել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»՝ իրավապահներից պահանջելով ապահովել թե՛ նրա, և թե՛ անցած ամռանը սպանված Եղիշե Խաչատրյանի մոր և կնոջ անվտանգությունը։
Կոալիցիայի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է տարիներ առաջ իր հետ տեղի ունեցածը, երբ էլի համացանցում սպառնալիքներ էր ստացել։ Իրավապահները միայն դրանք տարածողին բացահայտեցին, այդպես էլ, սակայն, չփարատեցին նրա կասկածները, որ սպառնալիք հնչեցնողի թիկունքում իրականում այլ անձինք էին կանգնած:
«Թե ովքեր էին կանգնած այդ հանցագործության հետևում, և ինչի հետևանք էր դա, և ովքեր են դրդում նրանց կատարել այդ հանցագործությունները, իհարկե, չի բացահայտվել այդ շղթան: Այս դեպքում այդ անձինք դատարանում ևս իրենց շատ սարձարձակ են պահում: Անմիջականորեն ամբաստանյալների հարազատներն են դրանք կամ մերձավոր շրջապատը: Եթե չբացահայտեն կոնկրետ որ ամբաստանյալից է գալիս և որ բարձրաստիճան պաշտոնյայից է գալիս այդ ամենաթողությունը, իհարկե, չի բացահայտվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Հովհաննիսյանը: