Մատչելիության հղումներ

Ավարտվեց Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք, ԱՄՆ նախագահը մեկնեց Եվրոպա


Դոնալդ Թրամփը և Բենյամին Նաթանյահուն Իսրայելի պատմության և հնագիտության թանգարանում, Երուսաղեմ, 23-ը մայիսի, 2017 թ․

Իսրայելում ԱՄՆ-ի նախագահի այցը տարածաշրջան «պատմական» են գնահատում:

Արաբական երկրների առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից հետո Թրամփի՝ Իսրայել կատարած մեկօրյա այցը խիստ բարձր գնահատվեց Իսրայելի կառավարության կողմից: Թեև ձեռք առնված անվտանգության բացառիկ միջոցառումների պատճառով մասնակիորեն խափանվել էր Երուսաղեմի ու Թել Ավիվի ավտոերթևեկությունը, իսրայելցիները շատ գոհ էին Թրամփի այցից ու հույսեր էին փայփայում, որ այն, ի վերջո, կխթանի իսրայելա-պաղեստինյան ընդհատված բանակցությունները:

Դոնալդ Թրամփի առավել ուշագրավ հայտարարությունները հնչեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ նախօրեին կայացած բանակցություններից հետո: ԱՄՆ նախագահը խոսել էր տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության, նաև Իրանի ռեժիմի մասին, ընգծելով՝ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա:

«Միացյալ Նահանգները պարտավորվում է Իրանին թույլ չտալ՝ իրագործել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, նաև նրանց թույլ չտալ՝ աջակցել ահաբեկիչներին»,- ասել էր Թրամփը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, իր հերթին, շնորհակալություն էր հայտնել նախագահ Թրամփին, պատմական գնահատել նրա այցը Իսրայել ու ընգծել, որ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, ով այցելել է «Լացի պատ» հրեական սրբավայրը:

Նաթանյահուն իր խոսքում նաև բարձր էր գնահատել իրանական վտանգի չեզոքացման հարցում «խաղաղության ջատագով» ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությունները: Երեկ Թրամփն այցելել էր նաև Սուրբ Հարության տաճար, նաև հանդիպում ունեցել Իսրայելի նախագահի հետ:

Այսօր ԱՄՆ նախագահն այցելել է Պաղեստինյան ինքնավարություն, որտեղ հանդիպում է ունեցել ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Հենց այնտեղ էլ նա դատապարտել է Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչությունն ու իր ցավակցությունը հայտնել զոհերի հարազատներին:

Աբասի հետ հանդիպմանը Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա օգնել երկու ժողովուրդներին՝ տարածաշրջանում նոր հույս բերելու հարցում: Մահմուդ Աբասն էլ նշել է, թե նախագահ Թրամփը, այցելելով կրոնական սրբավայրեր, համոզվել է, որ իսրայելա-պաղեստինյանխնդիրը կրոնական չէ, այն կապված է Իսրայելի կողմից տարածքների «օկուպացման» հետ:

Երուսաղեմում գտնվող՝ Իսրայելի պատմության և հնագիտության թանգարանում այսօր ունեցած իր ամփոփիչ ելույթում նախագահ Թրամփն ասել է․ «Տարբեր ազգեր կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, պահպանելով անվտանգ կյանքը, պահելով մարդկային արժանապատվությունը և խթանելով խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:

Իրսյելի վարչապետն էլ իր խոսքում նշել է․ «Իսրայելը երբևէ չի ունեցել ու չի ունենա ավելի լավ բարեկամ, քան ԱՄՆ-ն»: Նա նաև նշել է․ «Նախագահ Թրամփ, աշխատելով ձեզ հետ, ես հավատում եմ, որ մենք կկարողանանք հիանալի խաղաղություն հասատատել Իսրայելի և նրա արաբական հարևանների միջև»:

Իսրայելը ԱՄՆ նախագահ Թրամփի 8-օրյա շրջագայության երկրորդ կանգառն էր: Այնտեղի նա այսօր մեկնեց Եվրոպա: Վատիկանում Թրամփին ընդունելու է Հռոմի պապը: Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ժողովին: Իտալիայում ԱՄՆ նախագահը մասնակցելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG