Մատչելիության հղումներ

Սնկերի գիտակ և անտառի սիրահար մարդու աչքի առաջ «օր օրի պակասում են» իր սիրած ծառերը


Գրիգոր Փարվանյանը
Գրիգոր Փարվանյանը

Լոռու մարզի Պուշկինո գյուղում սնկերի գիտակ Գրիգոր Փարվանյանին իր տան դարպասի «Գրիգոր Լուսավորիչ» ցուցանակով են գտնում։ Գրեթե ամեն օր հյուրեր է ունենում, նրա մոտ գալիս են անգամ Ռուսաստանից։ «Բոլորն ինձ ստեղ Գրիգոր Լուսավորիչ են ասում։ Տենց նամակ էլ ուղարկում են՝ հասնում ա»,- ասում է Փարվանյանը:

Շուտով կսկսվի իր նախընտրած 7 տեսակի սնկերի հասունցաման շրջանը, նա կհագնի ծանր ու երկարաճիտ կոշիկները, արևից ու անձրևից պաշտպանող բազմաշերտ արտահագուստն ու օրական մոտ 30 կմ ճանապարհ կկտրի՝ անտառում սունկ հավաքելու համար։ «Երկու զամբյուղ ա՝ ամեն մեկը 9 կիլո ա տանում՝ 18 կիլո։ Տենց բան չկա, որ դատարկ գամ։ Չեմ վաճառում։ Սաղ ցեղին, բոլորին բաժանում ենք, ստեղ էլ առավոտից իրիկուն իմ մոտ գալիս են ուտելու։ Իրանց խմիչքով բանով: Մեկ էլ տեսար՝ գալիս են, որ հյուրասիրեմ»,- պատմում է Գրիգոր Փարվանյանը:

Ժամանակին Երևանում տարբեր պաշտոններ զբաղեցրած՝ 72-ամյա Գրիգորն ասում է, թե 5 տարեկանից է կապված անտառի հետ։ Նախկինում Հայաստանի գլխավոր գյուղատնտես հոր հետ է անտառ գնացել։ Հիմա արդեն առանց բնության ապրելն անիմաստ է համարում։ Թողել է մայրաքաղաքի բնակարանն ու անտառի փեշերին տուն գտել՝ ամեն օր սունկի գնալու համար․ «Ամեն օր, ուզում ա սելավ լինի։ Ուրիշ հնարավորություն չունեմ, հոբբի է»։

Ասում է՝ իր «տրորած» անտառ ոչ մի կենդանի շունչ չի մտնում, բացի գիշատիչ կենդանիներից ու անտառահատներից։ Գիշատիչներից արդեն չի վախենում։ «Միմյանց սովորել են», բայց սղոցով մարդիկ Գրիգորին շատ են վախեցնում։ Ասում է՝ «օր օրի վրա» են պակասում իր տեսած ծառերը։ Վերջին 8 տարվա ընթացքում կրկնակի երկարել է սնկին հասնելու ճանապարհը։

«Վատ ա, շատ վատ ա: Մեղքս գալիս ա բնության վրա։ Էն, որ գնում տեսնում ես, որ էս ծառը կար, վաղը չկա։ Մեղք եմ ապրում, ցավ եմ ապրում։ Որ էդ կենտրոնից էլ խոսում են՝ նախարարներից բռնած, առանց իրանց ոչ մի բան չի կատարվում։ Ես օֆիցիալ ասում եմ էլի։ Տենց բան չկա»։ Երեկվա ծանոթ ծառերն արդեն կոճղերի տեսքով է գտնում։ «Առաջ միմյանց բարևում էինք, հիմա հաճախ բարևս առնող չի լինում»,- դառնացած պատմում է Գրիգոր Փարվանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG