Մատչելիության հղումներ

Բաթումիում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ստորագրվելիք հուշագիրը վերաբերում է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին:

Այսօր Բաթումիում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն:

Մինչ այդ, երեկ պաշտոնական Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը: Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ: Ըստ վրացական կողմի՝ նախարարները պայմանավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարևորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը, ասվում է Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Պաշտոնական Թբիլիսին հարևաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովմամբ»:

«Ինձ ուրախացնում է, որ Վրաստանը տարածաշրջանում ունի նման գործընկեր», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ երեք երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ են:

Վրաստանին և Ադրբեջանին, ինչպես նշել է նախարար Իզորիան, միավորում են ռազմավարական հարաբերությունները, իսկ երեք երկրներին՝ էներգետիկ մի շարք խոշոր նախագծեր՝ ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով:

Այսօր ստորագրվելիք հուշագիրը վերաբերում է հենց էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին:

Եռակողմ ձևաչափով այս համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014 թվականին Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում: Հերթական զորավարժությունները, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենան առաջիկա հունիսին և սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG