Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխարտգործնախարարը հակադարձել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հայտարարությանը


Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի մասնակիցները: Ստամբուլ 22-ը մայիսի, 2017 թ․
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի մասնակիցները: Ստամբուլ 22-ը մայիսի, 2017 թ․

Այսօր Ստամբուլում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առարկություն է հնչեցրել Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթի վերաբերյալ:

Թուրքական «Դողան» գործակալության հաղորդմամբ, գագաթաժողովի բացմանը կազմակերպության անդամ երկրները մեկական ելույթ են ունեցել: Հայաստանի ներկայացուցիչ Հովակիմյանը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հայտարարությանը, թե «կազմակերպության անդամ երկրներից մեկը դեռ չի հրաժարվել թունավոր գաղափարախոսությունից», իր ելույթում ընդգծել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցությունը քաղաքական բնույթի մեղադրանքներ հնչեցնելու տեղ չէ: Ի պատասխան` Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, թե համաձայն է Հովակիմյանի այն մտքի հետ, որ գագաթաժողովը քաղաքական հարցեր քննարկելու համար չէ, ապա հավելել է․ - «Բայց այստեղ ոչ մի ներկայացուցիչ մեղադրանքներ և գնահատականներ չհնչեցրեց: Դո՛ւք ձեր ելույթը ամբողջությամբ նվիրեցիք քաղաքական գնահատականների»:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը իր ելույթում ընդգծել է, որ ՍԾՏՀԿ անդամ երկրների ընդհանուր նպատակն է ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում այս զգայուն տարածաշրջանում:

«Եթե ինձ այսօր հարցնեն, թե որն է կազմակերպության ամենամեծ նվաճումը, ապա ես առանց հապաղելու կնշեմ, որ այս կազմակերպությունը կարողացել է մի սեղանի շուրջ հավաքել երկրների, որոնք տեղակայված են աշխարհի ամենաբարդ շրջաններից մեկում», - ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, թե տարածաշրջանի երկրների միջև կարող են քաղաքական և ռազմական որոշ խնդիրներ լինել․ - «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը կախված է այդ խնդիրների ազդեցությունը նվազագույնի հասցնելու հանգամանքից: Ապագայում կազմակերպությունը պետք է վերածվի մի կառույցի, որը ներդրում կունենա այդ խնդիրների կարգավորման հարցում: Դրա համար պետք է շեշտը դնել ընդհանուր արժեքների վրա և հեռու մնալ անհեռատես քաղաքական վեճերից ու տարաձայնություններից»:

Ի դեպ, Սևծովյան տարածաշրջանի երկու երկրները` Ռուսաստանը և Թուրքիան ստամբուլյան գագաթաժողովը օգտագործել են երկկողմ հարաբերությունների զարգացումը խոչընդոտող խնդիրը հարթելու համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման արդյունքում երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը համատեղ հայտարարություն են ստորագրել առևտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, որը հիմնադրվել է 1992 թվականին Ստամբուլում, անդամակցում են 12 երկրներ, ներառյալ Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG