Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի պաշտոնում Ռոհանիի վերընտրվելը ձեռնտու է Հայաստանին․ իրանագետ


Իրանի նախագահի պաշտոնում բարեփոխումներով հայտնի Հասան Ռոհանիի վերընտրվելը ձեռնտու է Հայաստանին, քանի որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չի ձգձգվի, վստահ է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ժամանակային առումով կորուստներ չենք ունենա, այսինքն՝ նախագահը շարունակում է իր գործունեությունը», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց իրանագետը: - «Մենք ունենք նույն թիմը, որը պարտավորվել է Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ զարգացնել և այդ համատեքստում էլ գործել», - նշեց Վարդան Ոսկանյանը:

Ուրբաթ օրը Հայաստանի հարևան Իրանում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով Հասան Ռոհանին վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ընտրությունների առաջին իսկ փուլում հավաքելով քվեների մոտ 57 տոկոսը, կամ 23,5 միլիոն ձայն: Ընտրություններում Իրանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր համարվում կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, որը ստացել է քվեների մոտ 38 տոկոսը:

«Իրանի ներսում որոշակի գործընթացներ կան, բայց ակնկալել քաղաքական ցնցումներ, հետընտրական գործընթացներ՝ անտեղի է», - ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: - «Բնակչությունը հիմնականում գոհ է, քաղաքական դերակատարները՝ նույնիսկ պարոն Ռոհանիի հակառակորդ թիմի ներկայացուցիչները, ճանաչել են ընտրությունների արդյունքները: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը օրհնել է այդ արդյունքները», - հավելեց իրանագետը՝ եզրակացնելով․ - «Ըստ էության՝ ընտրությունները ավարտվեցին»:

Անցած տարեվերջին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը հայտարարեց մի շարք՝ մասնավորապես էներգետիկ, տրանսպորտային, առևտրատնտեսական, գյուղատնտեսական և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ևս 4 տարի որպես նախագահ Ռոհանիի պաշտոնավարելը Իրանն ավելի բաց կդարձնի արտաքին աշխարհի համար:

«Իրանը ինչքան բարեփոխվի, ինչքան վերադառնա համաշխարհային շուկա, ինչքան համագործակցի Եվրոպայի և Ամերիկայի հետ, Հայաստանին ձեռնտու է», - վստահ է Մինասյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ մատնացույց անելով ընտրություններին իրանցիների բարձր՝ շուրջ 73 տոկոս մասնակցությունը՝ ընդգծում է, որ Ռոհանիի դիրքերը միջազգային ասպարեզում առավել ամուր են լինելու․ - «Ըստ էության, մենք իրանում ունենք բանակցող նախագահ՝ աշխարհի ընկալումներում շատ ավելի ազատական նախագահ, որը ակնհայտ է, որ բանակցային ցանկացած գործողության շրջանակներում Իրանի համար ապահովելու է հաղթանակներ»:

Երևանում գտնվող որոշ իրանցիներ ևս անցած ուրբաթ Հայաստանում Իրանի դեսպանատանը մասնակցել են քվեարկությանը: «Ազատությանը» հանդիպած իրանցիների մեծ մասը պնդում էր, որ քվեարկել են հանուն բարեփոխումների շարունակման:

Երկու տարի առաջ՝ հենց Հասան Ռոհանիի պաշտոնավարման օրոք, Իրանը պատմական համարվող համաձայնության եկավ գերտերությունների հետ՝ միջուկային հետազոտությունների ծրագրի սահմանափակման դիմաց հասնելով արևմտյան պատժամիջոցների մասնակի վերացմանը:

56 միլիոն ընտրող ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահը քաղաքացիների կողմից ընտրվող ամենաբարձր պաշտոնն է, սակայն, բարձրագույն իշխանությունը շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի ձեռքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG