Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել: Օդանավը վայրէջք կատարեց Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում, որտեղ ԱՄՆ նախագահի գլխավորած պատվիրակությանը ողջունեցին Իսրայելի բարձրաստիճան այրերը:

Օդանավակայան են մեկնել նաև Իսրայելի քրիստոնեական և մահմեդական հոգևոր առաջնորդները, այդ թվում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:

Մոտ մեկ ժամ անց Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի կունենա պաշտոնական ընդունելություն:

Ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան հյուրերը կայցելեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ մուտքի մոտ նրանց կրկին կդիմավորեն հայ և հույն պատրիարքներն ու Ֆրանցիսկյան միաբանության ղեկավարը: Տաճարի ներսում նրանց դիմավորելու են հայ և հույն տեսուչները: Տեղի է ունենալու 25 րոպե տևողությամբ արարողություն, որը բացելու է 7 հոգուց բաղկացած հայ Ժառանգավորների հոգևոր թափորը: Այնուհետև հյուրերը կայցելեն Լացի պատ, իսկ երեկոյան նախատեսված է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական հանդիպումը:

Վաղը նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Իսրայելի իշխանությունները Թրամփի այցի կապակցությամբ մի քանի տնտեսական զիջումներ են արել պաղեստինցիներին: Դրանք պահանջել էր ԱՄՆ նախագահը: Զիջումները, մասնավորապես, երկու արդյունաբերական գոտիների ստեղծման հնարավորություն կընձեռեն Հորդանան գետի Արևմտյան ափին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, նախօրեին բացելով կառավարության նիստը, նախ խոսեց Դոնալդ Թրամփի, նրա կնոջ՝ Մելանիա Թրամփի և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջիկա այցի մասին: «Սա նախագահ Թրամփի առաջին արտասահմանյան շրջագայությունն է, և մեզ համար մեծ պատիվ է, որ նա որոշել է Երուսաղեմ ժամանել, Իսրայելի մայրաքաղաք և, իհարկե, Իսրայել», - ասաց Նեթանյահուն՝ շարունակելով․ - «Ես պետք է քննարկեմ նախագահ Թրամփի հետ ԱՄՆ-ի հետ կարևորագույն և անքակտելի կապերի հետագա ուժեղացման ուղիները: Մենք կամրացնենք կապերն անվտանգության ոլորտում, որոնք օրեցօր ավելի են ուժեղանում, և, իհարկե, կքննարկենք խաղաղության հաստատման ուղիները»:

«Պարո՛ն նախագահ, Իսրայելի քաղաքացիները Ձեզ գրկաբաց սպասում են», - հայտարարեց Իսրայելի վարչապետը:

Ի դեպ, երեկ Իսրայելում տոնում էին Երուսաղեմի տոնը՝ Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի վերագրավման և Իսրայելի հետ վերամիավորման օրը, ու տոնական այս օրերին ԱՄՆ նախագահի այցելությունն Իսրայելում պատմական են համարում:

Պետք է փաստել, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ վարչապետ Բենյամին Նեթանյահուի վատ հարաբերությունների մասին մշտապես խոսում էին Իսրայելում: Իսկ ահա Դոնալդ Թրամփի հետ Նեթանյահուի կառավարությունն իրոք մեծ հույսեր է կապում՝ ամերիկա - իսրայելական հարաբերությունների է՛լ ավելի սերտացման հետ կապված:

ԱՄՆ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումների ժամանակացույցը մի քանի անգամ այս մի քանի ժամվա ընթացքում փոխվեց, մի շարք հանդիպումներ և ելույթներ անվտանգության նկատառումներով չեղարկվեցին:

Հիշեցնենք՝ սա Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան ուղևորությունն է, նա Իսրայել կժամանի Սաուդյան Արաբիայից: Մերձավոր Արևելքից ԱՄՆ նախագահը մեկնելու է Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG