Մատչելիության հղումներ

Բառնաուլի դումայի պատգամավորն առաջարկում է քաղաքը վերանվանել Պուտինբերգ կամ Պուտինգրադ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Բառնաուլում քաղաքային օրենսդիր մարմնի՝ դումայի ընտրություններին ընդառաջ դեռ ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության շրջանային կառույցի «փրայմերիզը»՝ ներկուսակցական նախնական ընտրությունը, որի տեսագրությունը տարածվել և այս օրերին դարձել է համացանցի հիթ: Բանավեճի մասնակիցներից տեղական դումայի պատգամավոր Մարինա Չաուզովան հանդես է եկել բավական անսպասելի առաջարկով, որի իրագործումը, հեղինակի համոզմամբ, կլինի ոչ միայն քաղաքական առումով ճիշտ և արդար քայլ, այլև թույլ կտա լուծել հարազատ քաղաքի առջև ծառացած բազում սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Ես առաջարկում եմ վերանվանել մեր քաղաքն ի պատիվ մեր առաջնորդի, մենք ունենք անփոփոխ լիդեր, ով ինչո՞ւ միայն Ռուսաստանի՝ նաև համայն աշխարհի լիդերն է: Ինքներդ տեսեք՝ սկսած 1999 թվականից ինչպես է Ռուսաստանը մեջքն ուղղում: Գուցե նրա պատվին փոխե՞լ քաղաքի անունը, ասենք՝ Պուտինբերգ կամ Պուտինգրադ: Բայց ինչո՞ւ ոչ», - հայտարարել է տիկին Չաուզովան:

Պատգամավորը հայտնել է, որ պատրաստելու է հատուկ խնդրագիր, որը կներկայացնի իշխանությանը: Նա հավատում է, որ Պուտինբերգ կամ Պուտինգրադ դառնալուց հետո Բառնաուլը շատ արդյունավետ ձևով կլուծի առկա խնդիրները: «Շատերի կարծիքով, ես, իբր, ափեղցփեղ խոսում եմ, բայց ես համոզված եմ՝ ինչպես անվանես նավը, այնպես էլ այն կնավարկի: Հավատում եմ, որ անվանափոխությունը կօգնի քաղաքին: Եթե մեր լիդերի անվամբ անվանենք քաղաքը, Բառնաուլը մեջքը կուղղի, զարգացումը բազմակողմանի կլինի՝ և՛ կոմունալ տնտեսությունը կաճի, և՛ մարդիկ ավելի բարի կդառնան, և՛ քաղաքի բյուջեն կշահի», - ասել է Մարինա Չաուզովան:

Բառնաուլում տեղական ընտրությունները նախատեսված են այս տարվա սեպտեմբերին:

Բառնաուլը Պուտինբերգ կամ Պուտինգրադ անվանելու առաջարկի վերաբերյալ Կրեմլի կարծիքը դեռ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG