Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակնօրյա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 14-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ու մերժեց դրանք անվավեր ճանաչելու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը։

Ըստ այդմ՝ Երևանի ավագանու կազմում 46 մանդատ կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 14՝ «Ելք»-ը, իսկ «Երկիր Ծիրանին»՝ ընդամենը 5։ Մայիսի 16-ին կուսակցությունը դիմել էր հանձնաժողովին՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

«Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Սոնա Աղեկյանը ուշացումով եկան նիստին: Եկան ու հայտարարեցին՝ հանձնաժողովը թերացել է, իրենք դիմումի քննության օրվա ու ժամի մասին պատշաճ իրազեկում չեն ստացել:

«Ես Ձեզ հեռախոսով եմ ծանուցել, այդ կապակցությամբ ձայնագրությունը կա, այնպես որ հանգիստ եղեք», - պատասխանեց նիստը վարող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ե՞րբ եք մեզ ծանուցել՝ երեկոյան ժամը 5-ից հետո», - հակադարձեց Զարուհի Փոստանջյանը:

«Ոչ: Ձայնագրությունը կա, հանգիստ եղեք: Ծանուցումը իրականացվել է 16:59 րոպե: Ծանուցումը արվել է հեռախոսով՝ պաշտոնապես: Վերջացրեք՝ նստեք», - պատասխանեց ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանի ու Զարուհի Փոստանջյանի բանավեճն այսքանով չավարտվեց։ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը պնդեց՝ ԿԸՀ նախագահն իր պարտականությունները չի կատարում, քանի որ վախենում է իրենց ճնշումից։ Փոստանջյանին զայրացրել էր այն փաստը, որ իր կուսակցության՝ ԿԸՀ եկած ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներս մտնել: Տիգրան Մուկուչյանը հստակեցրեց՝ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն կուսակցության լիազորված անձինք՝ այս դեպքում նրանք երեքն են։ Երկուսն այստեղ են, մյուսը՝ ոչ։ Բացակա անդամը՝ դիմումատու Արմեն Գաբրիելյանն է։ «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներն ասացին՝ Գաբրիելյանը նիստի մասին ծանուցումը ստացել է նախորդ օրը երեկոյան 9:40՝ հեռախոսային ՍՄՍ-ի միջոցով, և քանի որ գտնվում է Գյումրիում, չի հասցրել առավոտյան վաղ ներկայանալ, կգա ավելի ուշ:

Մինչև Գաբրիելյանի գալ-չգալու հարցը կորոշվեր, հանձնաժողովի նախագահը սկսեց ընթերցել դիմումը։ Փոստանջյանն ու Աղեկյանն ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Ընթացքում տեղեկացրեցին, որ Գաբրիելյանը ցանկանում է մասնակցել դիմումի քննությանն ու խնդրում է նիստը հետաձգել մինչև ժամը 13.00։ Նիստը հետաձգվեց, իսկ Զարուհի Փոստանջյանը շենքի առաջին հարկում ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց, թե կամայական որոշմամբ իրենց թույլ չեն տվել մասնակցել դիմումի քննությանը:

«Իր նիստի կարիքը չունենք, դիմելու ենք դատարան իր գործողությունների վերաբերյալ», - սպառնաց ընդդիմադիր գործիչը:

Մեր պայքարն այսքանով չի ավարտվելու՝ շեշտեց «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը․ նպատակը ազգային դիմադրողական շարժման ստեղծումն է, որը գալու է տապալելու գործող ռեժիմը։

Տիգրան Մուկուչյան էլ հակադարձում է՝ իրենք «Երկիր Ծիրանիի անդամներին տեղեկացրել են պատշաճ կարգով ու ունեն դրա ապացույցները։ Ավելին՝ կուսակցությունն իր դիմումին կից չի ներկայացրել ոչ մի ապացույց, որը կարող էր հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

Նիստը վերսկսվեց ժամը 13-ին, բայց «Երկիր Ծիրանի»-ի լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանն այդպես էլ չներկայացավ։ Տիգրան Մուկուչյանն ասաց՝ ժամը լրացել է, բայց պարզաբանում ներկայացնողը չկա ու ընթերցեց 20 էջից բաղկացած որոշումը՝ որով պարզաբանում էր, թե ինչու է հանձնաժողովը մերժում ընդդիմադիր կուսակցության դիմումը։ Վերջում հանձնաժողովը հաստատեց ընտրությունների արդյունքներն ու բաժանեց մանդատները:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 842 հազար 147 ընտրողների 40,99 տոկոսը՝ 345 հազար 158, որից իշխող Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել էր 240,034-ը, «Ելք»-ի օգտին՝ 70,730-ը, «Երկիր Ծիրանի»-ի օգտին՝ 26,107-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG