Մատչելիության հղումներ

Վանաձորի գրադարանների տասնյակ աշխատողներ գործազուրկ կդառնան


Վանաձորի գրադարանավարներն «անխղճություն» են համարում մեկ ամիս առաջ քաղաքի գրադարանների աշխատողների դրույքաչափերը կրճատելու մասին՝ ավագանու ընդունած որոշումը: Դրա հետևանքով ավելի քան 40 մարդ գործազուրկ կդառնա:

37 տարվա աշխատանքային փորձ ունեցող գրադարանավար Սոնա Քալաշյանը, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է Հանրապետական կուսակցությանն ու տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանին, ընտրություններից հետո առաջին խորը հիասթափությունն ապրեց, երբ իմացավ, որ աշխատանքից ազատվելու է: Թիվ 4 մանկական գրադարանի աշխատակիցն ասում է, թե մեծ հույսեր էր կապում իշխող կուսակցության հետ, բայց, իր սպասելիքները չարդարացան:

«Չենք ճանաչել, բայց ներքին ինտուիցիայով հարգել ենք իրեն, քանի որ ինքը կայացած անձնավորություն է ու կարող էր ընտրվելուց հետո, իրոք, որոշակի աշխատատեղեր բացել, մեծ ակնկալիք ենք ունեցել իրենից: Բայց, բանից պարզվեց, ավելի վատ վիճակի մեջ ընկանք»,- ասում է Քալաշյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշումը պատճառաբանում է բյուջեի սղությամբ, նշելով, թե աշխատակիցների թիվն ուռճացված է: Ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ արդյունավետ չեն աշխատում: «Մենք ունենք գրադարաններ, որտեղ կա վեց հաստիքով աշխատող, վեց դրույք, բայց ընդամենը աշխատանքային սենյակում հայտնաբերել ենք երկու աշխատանքային աթոռ: Ենթադրվում է, որ մնացած աշխատողների կամ կարիքը չի զգացվում, կամ այդ աշխատողներն ուղղակի աշխատավարձ են ստացել»,- ասում է քաղաքապետը:

Օպտիմալացման արդյունքում տարեկան ավելի քան 30 միլիոն դրամ է խնայվում: Այդ գումարը մասամբ օգտագործվելու է նաև գրադարանային ոլորտում, վստահեցնում է Ասլանյանը: Գրադարանավարներներն էլ, իրենց հերթին, նշում են՝ գումար խնայելու համար այլ ծախսերից կարելի էր կրճատել: «Թող մի քիչ քիչ ճոխ մեքենաներ առնեն, դղյակներ կառուցեն, էս դասակարգը չվերանա, օպտիմալացումը թող սկսեն քաղաքապետարանից, եթե այնտեղ 161 հաստիք կա, ու մեզ այսպես կրճատում են, ու՞մ են իրենք ղեկավարելու»,- հարց են տալիս նրանք:

Վանաձորում գործող 8 գրադարանների բոլոր աշխատակիցներն ազատման ծանուցագրեր են ստորագրել, համաձայն որի՝ աշխատելու են մինչև հունիսի 25-ը: Գործող 67 դրույքաչափը ավագանու որոշմամբ իջեցվել է 21-ի: Հուսահատված գրադարանավարները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տեղի իշխանություններին, վարչապետին՝ հույսով, թե տեղի իշխանությունները կփոխեն իրենց որոշումը:

Վանաձորի քաղաքապետի հավաստմամբ, քաղաքում գործող 8 գրադարաններից առնվազն 5-ը կշարունակեն գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG