Մատչելիության հղումներ

Եվս 82 ընտանիքի վկայագիր տրամադրելուց հետո, Գյումրիում բնակարանային հարցն արդեն փակված են համարում


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Գյումրիում ևս 82 ընտանիքի տրամադրելով բնակարանների գնման վկայագրեր, կառավարությունն արդեն լուծված է համարում երկրաշարժից անօթևան դարձածների բնակարանային խնդիրը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահառուներին հիշեցնում է՝ սա վերջին հնարավորությունն է, և եթե բնակարան ձեռք չբերեն, պետությունն այլևս փոխհատուցում չի տրամադրի:

«2017 թվականի պետբյուջեով Գյումրի քաղաքի համար հատկացվել է 546 միլիոն դրամ՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու համար: Սրանով մենք ավարտում ենք Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը»,- ասաց մարզպետը, վկայագրերի տերերին հորդորելով «շատ արագ» ձեռք բերել բնակարաններ, քանի որ վկայագրերի չիրացման դեպքում կզրկվեն տուն ունենալու հնարավորությունից:

29 տարի բնակարանի սպասած անօթևան ընտանիքներն այլընտրանք չունեն, ուզեն թե չուզեն՝ փորձելու են հարմար բնակարան գտնել ու գնել: Վկայագիր ստացած ընտանիքներից ոչ բոլորը վկայագրի արժեքին գումար ավելացնելու և բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունեն: «Դրսից երևի կօգնեն»,- ասում է անօթևան գյումրեցիներից մեկը:

Անարդարացի չէ՞ արդյոք 29 տարի բնակարանի սպասող անօթևանների նկատմամբ նման վերաբերմունքը, այս հարցին, Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք ամեն անգամ մարդուն հնարավորություն ենք տալիս, ասում է՝ չկարողացա գտնեմ: Էդպես չի կարելի, բնակարանը մի անգամ ենք տալիս»:

Թեև կառավարությունն իր իսկ սահմանած չափորոշիչներով շահառու ճանաչված անօթևան ընտանիքների նկատմամբ պարտավորությունն ավարտված է համարում, այդուհանդերձ, Գյումրիում շուրջ 3000 ընտանիք շարունակում է ապրել տնակներում:

Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 100-ից ավելի անօթևան ընտանիքների մասին կառավարությունը տեղեկացել էր լրատվամիջոցների հրապարակումներից, սակայն, դրանից հետո էլ ջրաձորցիների բախտը չբերեց, ծրագիրը կասեցվեց ֆինանսավորման բացակայության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG