Մատչելիության հղումներ

Շփման գծում՝ 1750 կրակոց, այդ թվում՝ նռնականետերից և ականանետերից


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, արխիվ

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների, ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ուրբաթ երեկոյան հայտնել էր. - «Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ»:

«Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել կամ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար», - շեշտել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ վստահեցնելով, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել:

Հաղորդագրությանը կից հրապարակված է համապատասխան տեսանյութ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG