Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարել է «Սասնա ծռերի» անդամի փաստաբանների դիմումը


«Սասնա ծռեր» խմբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի Շիրակի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը, արխիվ:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի Շիրակի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը, արխիվ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է անցած հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի փաստաբանների դիմումն ու մի շարք հանձնարարություններ ուղարկել Հայաստանի կառավարությանը։

Ըստ այդմ, կառավարությունը պետք է ապահովի 59-ամյա կալանավորի պատշաճ բուժօգնությունը և առանց ընդհատումների նրան դեղորայք հատկացնի ողջ կալանքի ընթացքում։

Փաստաբանները Եվրոպական դատարան էին դիմել՝ ահազանգելով, որ նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում՝ հիվանդ կալանավորին շարունակում են առանց բուժման պահել ճաղերի հետեւում։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց՝ այլ ճանապարհ, քան Եվրոպական դատարանն է, չունեին, քանի որ ամիսներ շարունակ իրենց ահազանգերը անտեսվում էին։

Փաստաբանը հիշեցրեց, որ անցած փետրվարին «Սասնա ծռերի» անդամը ուղեղի կաթվածի ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել, եւ այժմ էլ նրա գլուղեղը լավ չի սնուցվում․ - «Այդ պարտավորությունների ձախողման արդյունքում շատ ավելի մեծ, անդառնալի և կործանարար հետևանքներ կարող են տեղի ունենալ Արամ Հակոբյանի համար»:

Եվրոպական դատարանը նաև նշել է, որ եթե Հայաստանի կառավարությունը չկատարի իր հանձնարարությունները, ապա դա կհանգեցնի կառավարության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման։

Եգորյանն ահազանգում է, որ երեկ է այցելել բանտում պահվող զինված խմբի անդամին, և տեղեկացել, որ բժիշկների նշանակած դեղորայքը կրկին նրա հարազատներն են ուղարկել։ Մինչդեռ դա պարտավոր է անել քրեակատարողական վարչությունը։

Եգորյանի խոսքով, ոչ միայն չեն ապահովել հիվանդ կալանավորի բուժումը, այլև կառավարության ներկայացուցիչը Եվրոպական դատարան ուղարկած դիրքորոշման մեջ կրկին պնդել է, որ Արամ Հակոբյանին պատշաճ բուժօգնություն է ստանում․ - «Կառավարության ներկայացուցիչը մեր կողմից ներկայացված որևէ փաստ չի ընդունել ու հավաստիացրել է դատարանին, որ Արամ Հակոբյանը ստանում է պատշաճ բուժում և ստանում է անհրաժեշտ դեղորայքը։ Դատարանը հիմք չի ընդունել այդ հավաստիացումները»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանի որոշումն ուղարկել են քրեակատարողական վարչություն․ - «Այդ նույն օրը որոշումն ուղարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ այն ապահովելու համար: Արդարադատության նախարարությունն այդ որոշման հիման վրա գրություն է ուղարկել Քրեակատարողական վարչություն՝ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք ապահովելու համար:

Անցած ամռանը զինված ապստամբության փորձ կատարած խմբի անդամ, ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի Շիրակի կառույցի ղեկավար Արամ Հակոբյանը նախկինում երկու վիրահատություն է տարել, որից մեկը գլխուղեղում ուռուցքի հեռացումն է եղել դեռևս 2014-ին։

Եգորյանը հիշեցրեց իր մեկ այլ պաշտպանյալի՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքը: 49-ամյա Սարգսյանը, ով ևս գնդի տարածք էր մտել և զինված խմբի հետ հանձնվել ոստիկանությանը, մահացավ երկու ամիս առաջ երկարատև հացադուլից ու վիրահատությունից հետո:

Փաստաբանի խոսքով, այն ժամանակ էլ կառավարությունը ուշադրություն չէր դարձնում իրենց ահազանգին, այժմ էլ Արամ Հակոբյանի նկատմամբ են անտարբերություն ցուցաբերում․ - «Հիմա նույնը Արամ Հակոբյանի մասով է: Իհարկե, նրա կյանքին շատ լուրջ վտանգ է սպառնում»:

Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հակոբյանի վիճակը գնահատվում է բավարար: Երեկ՝ այսինքն Եվրոպական դատարանի որոշումից հետո Հակոբյանը ենթարկվել է անվճար համալիր հետազոտության, նա ապրիլի 12-ից գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Արամ Հակոբյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու և փոխադրելու և շենք, շինություններ զավթելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG