Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանն առայժմ չի պարզաբանում իր ղեկավարած դաշինքի մանդատներին առնչվող սկանդալը


Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանում է լրագրողների հարցերին, 18-ը մայիսի, 2017 թ․

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին մասնակցող Գագիկ Ծառուկյանն այսօր չցանկացավ, իր բնորոշմամբ, «չակերտներ բացել», կապված՝ դաշինքի ներսում մանդատներին առնչվող սկանդալի հետ: Երեկ Ծառուկյանը դաշինքի խմբակցության անդամների հետ ունեցած քննարկման ժամանակ նշել էր՝ թեև կարող էր անմիջապես արձագանքել սկանդալին ու վերջ տալ տարատեսակ խոսակցություններին, սակայն, գերադասեց սպասել, տեսնելու համար թե «ով է բզբզում»: Այսօր, սակայն, նա այդպես էլ չասաց, թե ինչ է պարզել։

«Ուրեմն, քամիներ եղել են և՛ ձեր [լրագրողների] կողմից, և՛ ուրիշ կողմից, և՛ մեր թիմակիցների կողմից, մի թողեք, որ ես չակերտներ բացեմ․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը: Դեռ պարզ չէ նաև, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացած, ավելի վաղ գրված ինքնաբացարկի դիմումներից հրաժարված և մանդատ ստացած 8 պատգամավորներից ով կլքի խորհրդարանը: Նրանցից որոշները, ըստ Ծառուկյանի, երեկ էլ մանդատից հրաժարվելու դիմում են գրել, և իրենք առաջիկա օրերին կհստակեցնեն այդ հարցը:

Խորհրդարանում 31 մանդատ ստացած «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավարն, ամեն դեպքում, պնդում է՝ իրենց թիմի ներսում պառակտում չկա, 8 պատգամավորից վեցին էլ ինքն է հորդորել՝ ԿԸՀ գնալ և մանդատ վերցնել: «Բոլորի հետ էլ աշխատելու եմ, բոլորը մեր թիմակիցներն են, նրանք մեծ գործ են կատարել ․․․ մանդատները կդնեն, չեն դնի, կտեսնեք մի քանի օրից»,- ասաց Ծառուկյանը:

Խորհրդարանում «Ծառուկյան դաշինքը» ընդդիմադիր է լինելու: Դաշինքի ղեկավարն, այդուհանդերձ, չմանրամասնեց՝ ինչո՞վ է ներկայիս դաշինքը տարբերվելու նախորդ գումարման Ազգային ժողովում իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ հայաստանից»:

«Համապատասխան, եթե դու կոալիցիայի մեջ չես, ուրեմն դու ընդդիմադիր ես: Ամենակարևորը, ընդդիմություն, այլընտրանք․․․ ոչ թե ցեխ շպրտելն է, հակաճառելն է, այլ, համապատասխան, եթե դա օգտակար է լինելու երկրին, ժողովրդին, տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարեկեցիկ կյանքին, ուրեմն դու, անկախ նրանից՝ ընդդիմադիր ես, այլընտրանք ես, կոալիցիայի անդամ ես, պարտավոր ես ճիշտ մտածել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժողովրդի քվեարկությունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ, սակայն, շեշտում է՝ ում օգտին քվեարկել են, նրանից էլ թող բարեփոխումներ պահանջեն: Մեծահարուստ գործարարը, հիշեցնենք, քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, թե 50 տոկոս գումարած մեկ ձայն ստանալու դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրում կբերի Հայաստան:

«Ժողովուրդը գնացել ա՝ իրա քուչի լավ տղուն ա տալիս [քվե], հարյուր անգամ ասել եմ՝ ժողովուրդ ջան, կարևորը՝ պետք է տաք, որ կարողանա օրենք փոխվի, որ մենք կարողանանք մեր ծրագիրը կյանքի կոչենք, հնարավորություն տանք: Ոչ մեկից էլ հիասթափված չեմ, բոլորի ցավն էլ տանեմ, ով տվել ա՝ շնորհակալ եմ, ով էլ չի տվել, ում ա տվել, թող պահանջեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմած ու չնայած նախնական հրաժարականի դիմումին՝ իր մանդատը ստացած պատգամավորներից Նապոլեոն Ազիզյանը նշեց, որ ինքը շարունակելու է մնալ պատգամավոր: Արարատ Զուրաբյանը ևս ասաց՝ քննարկել են հարցը, և իր մանդատը վայր չի դնի, թեև շեշտեց՝ պատրաստ է նաև հրաժարվել պատգամավորությունից, եթե նման անհրաժեշտություն լինի: Հավելեց՝ ի տարբերություն այլոց, իր հետ նախնական որևէ պայմանավորվածություն չի եղել:

«Ես չէի ուզում գայի, մարդը ասեց՝ արի: Ես, ճիշտն ասած, գտնում էի, որ չարժի գալ: Հետո շատ մարդիկ էին պնդում, որ պետք ա գալ, որոշեցի գալ: Կարծում եմ՝ եթե մտադրություն ունենամ գնալ, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- լրագրողներին ասաց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG