Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին որպես վկա դատակոչելու Խանդոյանի միջնորդությունը մերժվեց


Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի միջնորդությունը՝ որպես վկա դատարան կանչել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը, հիշեցնենք, նույնպես մասնակցում էր անցած տարի ոստիկանական գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ի պաշտպանություն գունդը գրավածների սկիզբ առած ակցիաներին:

Դատարանը այսօր նաև մերժեց փոխել Խանդոյանի խափանման միջոցը։

Արարատ Խանդոյանը ասաց․ - «Գործին ծանոթանալուց հետո [դատավորը] պիտի ասեր՝ դատախազ, տենում ես, ստեղ ոչ մի բան հիմնավորված չի , դու բերել ես քրեական գործ ես դայաղ արե ինձի․․․ Էս ի՞նչ ես անում․․․ Ինձնից հետո էկող սերունդը չի՞ ասելու՝ պապի, էս մարդը էսքան բան ուներ արած, ու դու անհիմն դրեցիր դատիր: Մորս հլա նայեք ինչ ա դառել․․․ ինչի՞ համար․․․ ձեր ապօրինությունների համար»:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Խանդոյանի դեպքում կան հիմնավոր կասկածներ, որ նա հանցանք է կատարել․ - «Եվս մեկ անգամ պարզաբանում եմ․ եթե գտնում եք, որ ոստիկանների կողմից ենթադրյալ ապօրինության հետևանքով Ձեզ պատճառվել է պատճառվել է վնաս, Հատուկ քննչական ծառայությունում գործ ա քննվում»:

43-ամյա Խանդոյանը, ով ոստկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է, հայտարարեց՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվեր է կատարում, և նրան ինքնաբացարկ հայտնեց։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց չքննել իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ նշելով, որ այս փուլում կողմերից որևէ մեկը նման իրավունք չունի:

Խանդոյանը մեղքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ զանգվածային անկարգությունների ժամանակ նա բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը:

Խանդոյանն այսօր էլ դատարանում հայտարարեց, որ այս գործով տուժող ճանաչված 46 ոստիկաններին չի ճանաչում, ավելին՝ այդ օրերին հենց ոստիկաններն են քաղաքացիների, այդ թվում եւ իր նկատմամբ բռնություն գործադրել․ - «Տեսաերիզում պարզորոշ երևում է ոստիկանության աշխատակիցների մահակներով հարձակվելը ժողովրդի վրա․․․ Էսօր մեղադրող կողմը հակառակն է ուզում ներկայացնի»:

Խանդոյանը հայտարարում է, որ երբ հուլիսի 20-ին ոստիկանության կողմից կիրառվեցին հատուկ միջոցներ ու ցույցը ցրվեց, Նիկոլ Փաշինյանն իր կողքին է եղել և կվկայի, որ ինքը զանգվածային անկարգությունների չի մասնակցել։ Փաշինյանն ամիսներ առաջ ֆեսյբուքի իր էջում գրել էր՝ պատրաստ է վկայել, որ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին էական աջակցություն տվել՝ իրավիճակը խաղաղեցնելու գործում:

Այսօր դատարան էին եկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Օմբուդսմենի գրասենյակը բողոք է ստացել Խանդոյանից և որոշել է հետևել նիստերին:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խանդոյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG