Հանրապետականից հետո մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը կկոչվի «Ծառուկյան» դաշինք, այն կղեկավարի նախորդ հինգ 5 տարիներին Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայած Գագիկ Ծառուկյանը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Բնականաբար խմբակցության ղեկավարը կլինի մեր բոլորի կողմից ընդունված, ընկալված, մեր կուսակցության առաջնորդը՝ Ծառուկյանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Էնֆիաջյանը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական 105 մանդատներից 31-ը ստացած «Ծառուկյան» դաշինքը նաև ԱԺ փոխնախագահի թեկնածու կարող է առաջադրել: Չնայած թեկնածուների շարքում Իշխան Զաքարյանի ու Նաիրա Զոհրաբյանի անուններն էին շրջանառվում, բայց Էնֆիաջյանն ասաց՝ կառաջադրեն Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Երեք հանձնաժողովների նախագահների թեկնածուներ էլ ունեն, ուղղակի չգիտեն, թե այդ անձինք հատկապես որ հանձնաժողովները կղեկավարեն:
«Նախնական՝ մենք որոշում ենք կայացրել Նաիրա Զոհրաբյանին, Վարդևան Գրիգորյանին և Վարդան Բոստանջյանին», - մանրամասնեց նա:
«Ծառուկյան» դաշինքի նորընտիր շատ պատգամավորներ չգիտեին անգամ՝ ինչի՞ համար են իրենց հրավիրել հանդիպման:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին նաև «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորները, որոնք մեծ աղմուկով պատգամավորական մանդատներ ստացան՝ որոշները նախ հայտարարեցին, թե իրենք չեն գրել մանդատից հրաժարվելու դիմումները, ապա պատգամավոր դառնալով հայտարարեցին, թե պատրաստ են վայր դնել մանդատը, եթե այդպես որոշի Գագիկ Ծառուկյանը: Նապոլեոն Ազիզյանն ասում էր՝ այսօր կորոշվի՝ ովքեր վայր կդնեն մանդատները: Բայց նիստից հետո էլ լրագրողների հարցերին ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց․ - «Էս երկու օրը կքննարկեն՝ բոլորդ կիմանաք»:
Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ «Ծառուկյան» դաշինքում տարաձայնություններ չկան: - «Վաղը ձեր աչքի առջև տեղի կունենա ամեն ինչ: Պատգամավորները իրենք են որոշում և իրենց կամքը կարտահայտեն: Այն, ինչ տեղի է ունեցել՝ մեր ներքին հարցերն են եղել, մեր ներքին խնդիրներն են եղել և ներքին ձևով էլ քննարկվել են: Մեր քննարկումը տեղի է ունեցել շատ առողջ միջավայրում, որևէ խնդիր և տարաձայնություն այս պահի դրությամբ մենք չունենք», - հավաստիացրեց պատգամավորը:
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են, որ ընդդիմադիր են: «Ազատության» հարցին՝ օրինակ Սերժ Սարգսյանի և նրա գործունեության հետ կապված հարցեր կբարձրացնե՞ն, պատգամավոր Վարդևան Գրիգորյանը պատասխանեց․ - «Եթե հարցը հասնի դրան, իհարկե կբարձրացնենք»:
Պատգամավոր Վարդան Բոստանջյանը խնդիր չի տեսնում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հետ համագործակցության հարցում․ - «Ընդհանրապես պրոբլեմ չկա: Մեր պետության համար ցանկացած կարևոր խնդրի լուծման առումով կա համագործակցություն ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ իշխանության հետ»:
Լրագրողների մուտքը ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ արգելված էր, շենքի ներսում մեծ թվով թիկնապահներ էին շրջում: Պահպանությունն ավելի էր խստացվում, երբ միջանցքում հայտնվում էր Գագիկ Ծառուկյանը։ Նա այսօր այդպես էլ չշփվեց դրսում սպասող լրագրողների հետ: