Մատչելիության հղումներ

ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի լուծարման հնարավորությունը մտահոգել է ընդդիմադիրներին ու իրավապաշտպաններին


Վաղը մեկնարկող վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հնարավոր է լուծարվեն ԱԺ մշտական հանձնաժողովներից մի քանիսը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար, նորընտիր պատգամավոր հանրապետական Հրայր Թովմասյան «Ազատության» հետ զրույցում, նշեց, որ հնարավոր կրճատումը պայմանավորված է պատգամավորների թվի կրճատման և մի շարք այլ գործոնների հետ, այդ թվում՝ «այն գործառույթների փոփոխությունից, որոնք արված են Սահմանադրությամբ և որոնք մանրամասնված են կանոնակարգ օրենքում»:

Ըստ Հրայր Թովմասյանի, կարելի է կրճատել օրինակ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, միավորելով պետաիրավական հարցերով հանձնաժողովին: Այս հայտարարությունը արդեն իսկ մեծ անհանգստություն է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանի շրջանում:

«Հանձնաժողովի լուծարումը կհանգեցնի հերթական անգամ քաղաքացիական հասարակության գործունեության շրջանակների և տարածքի կրճատման և սահմանափակման», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անընդունելի համարելով այս մոտեցումը:

Սահմանադրության համաձայն հանձնաժողովները ստեղծվում են օրենսդրական նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

Մարդու իրավունքների հանձնաժողովի վաղվանից արդեն նախկին նախագահ Էլինար Վարդանյանի կարծիքով հանձնաժողովի հնարավոր լուծարմամբ պետությունն ուղղակի կստորադասի Մարդու իրավունքների ոլորտը․ - «Ես պետք է ցավով նշեմ, որ իրականում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը իրականում մտահոգիչ է, և դա են փաստում մի շարք միջազգային զեկույցներ: Եվ այս պարագայում պարզապես ստորադասել մարդու իրավունքները՝ հանձնաժողովը մեկ այլ հանձնաժողովի միացնելով, կարծում եմ, տեղին չէ»:

Հանրապետական նորընտիր պատգամավոր Հրայր Թովմասյանը մինչդեռ չի ընդունում ընդդիմախոսների քննադատությունը: - «Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովները զբաղված են մարդու իրավունքներով, եթե այդ առումով առանձին հանձնաժողով չկա, չի նշանակում, որ այդ գործառույթը չկա», - պնդում է նա:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովն, ըստ ընդդիմադիր «Ելք» դաշինքի նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի, միշտ եղել է ամենածանրաբեռնվածը, և մարդու իրավունքների հանձնաժողովի գործառույթը իրականացնել չի կարող։

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով: Ազգային ժողովը ներկայումս ունի ճիշտ նույնքան մշտական հանձնաժողով։

«Կրճատման ամբողջ իմաստը այն է, որ 10-րդ հանձնաժողով չլինի, որովհետև 10-րդ հանձնաժողովի լինելու պարագայում այդ հանձնաժողովը հասնում է «Ելք» կուսակցությունների դաշինքի խմբակցությանը: Սա է պատճառը: Կրճատում են այդ հանձնաժողովները, որպեսզի «Ելք» կուսակցությունների դաշինքը խորհրդարանական որևէ լծակ՝ գոնե հանձնաժողովների մակարդակում, չունենա», - պնդեց ընդդիմադիր պատգամավորը:

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները մտահոգություն ունեն, որ մարդու իրավունքների հանձնաժողովի լուծարմամբ Հայաստանը կարող է զրկվել միջազգային կառույցների ֆինանսական աջակցությունից։

XS
SM
MD
LG