Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեռ չի փոխհատուցել զինտեխնիկայի տեղաշարժից Շիրակի մարզի ճանապարհներին հասցված վնասը


Ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխիկայից վնասված փողոց՝ Գյումրիում
Ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխիկայից վնասված փողոց՝ Գյումրիում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի իրագործել մեկ տարի առաջ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը, ըստ որի, պետք է փոխհատուցեր Գյումրիի փողոցներին ծանր թրթուրավոր տեխնիկայի հասցրած վնասը:

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր զինտեխնիկան հաճախ է երթևեկում Գյումրիի, նաև Շիրակի մարզի ճանապարհներով՝ վնասելով դրանք: Նախկինում ռուսական կողմը երբևէ հասցված վնասը չի փոխհատուցել, և միայն անցած տարվա հունիսին կայացած՝ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի օրակարգում է ներառվել հարցը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նիստին մասնակցած՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

«Նկատի ունենալով, որ մեր ճանապարհները ռուսական բազայի տեխնիկայի շարժման հետ կապված՝ որոշ չափով ենթարկվում են քայքայման, մենք հարց բարձրացրեցինք, որպեսզի որոշ չափով աջակցություն տրամադրվի մեզ, որ կարողանանք այդ ճանապարհները վերականգնենք և պահպանենք: Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց քննարկումներից հետո հարցը պետք է ներկայացնեին նաև ՌԴ ՊՆ և իրենց օրենդրական սահմաններում նայեին, թե ինչպես կարող են այդ աջակցությունը ցուցաբերել, հիմա սպասում ենք»,- ասաց Գասպարյանը:

Նիստում կազմված արձանագրության մեջ որևէ ժամկետ նշված չէ: Հաջորդ ամիս կայանալիք հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստում միայն պարզ կդառանա` արդյո՞ք ռուսական կողմը պատրաստ է ֆինանսավորել նաև իր կողմից շահագործվող ճանապարհների բարեկարգումը, թե ոչ: Թեև ընդամենը 10 կմ երկարուոթյամբ ճանապարհի բարեկարգման մասին է խոսքը, սակայն, Գյումրիի գլխավոր ճարտարապետն ասում է՝ հաշվարկ չկա, թե որքան կարժենա դրա վերանորոգումը:

Գյումրիի ավագանու ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ ռուսական բազայի ներկայությունից քաղաքն առայժմ միայն տուժում է: «Քաղաքը չպիտի տուժի նրանից, որ երկու եկրների նախագահները համաձայնագիր են ստորագրել: Սա հասարակ բան է, վնաս եք տվել՝ վերականգնեք»,- ասաց Բարսեղյանը:

Նա հավելում է՝ 1997-ին կնքված ու մի քանի անգամ լրամշակված հայ-ռուսական միջպետական պայմանագրում բազայի մոտ ապրող բնակիչների շահերի պաշտպանությունը շատ մակերեսորեն է արտահայտվել, ուստի՝ նրանք շատ հաճախ առանց փոխհատուցման են մնում: Իսկ թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ու այլ երկրներն ինչպես են օգնում Հայաստանին, Գյումրիի ավագանու ընդդիմադիր անդամը խորհուրդ տվեց այդ հարցի պատասխանն իմանալու համար համեմատել տրամադրվող օգնությունների ծավալը՝ «այնտեղ կերևա, թե գործ անողն ինչպես է գործ անում»:

Ռուսական ռազմաբազային Հայաստանում անվարձահատույց տարածքներ են հատկացվել, բացի այդ՝ բազայի կոմունալ և տրանսպորտային ծախսերի 50 տոկոսը Հայաստանն է հոգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG