Մատչելիության հղումներ

Հայտնի են «Ելք» խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները, «աթոռակռիվ չի եղել»


Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյան, արխիվ
Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան»-ի խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով, «Ելք» դաշինքում ընդգրկված երեք կուսակցությունների ներկայացուցիչներից խումբ է ձևավորվում, որը զբաղվելու է միասնական կուսակցության ստեղծման աշխատանքներով:

Խորհրդարանում «Ելք» դաշինքի համանուն խմբակցությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը:

Վերջինս «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր խորհրդարանի «Ելք» խմբակցության նիստում քննարկվել է նաև «Ելք»-ի ցուցակը գլխավորած Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Իսկ դաշինքի երրորդ անդամ՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խմբակցությունը ղեկավարելու ցանկություն չի հայտնել:

«Բոլոր կուսակցություններն իրենց դիրքորոշումը հայտնեցին, վերջում եկանք այս եզրահանգման: Քննարկումն անցավ շատ առողջ, բարիդրացիական, ընկերական մթնոլորտում: Ամեն դեպքում, նոր մշակույթ բերողներ ենք: Ինչպես լրագրողները շատ հաճախ սպասում են՝ թեժ պայքարը, աթոռակռիվը մեզ մոտ բացառվում է և չեղավ, որովհետև մենք քաղաքակիրթ մարդիկ ենք և ամեն ինչ անում ենք դաշինքի շահերից ելնելով: Իհարկե՝ պարոն Մարուքյանը նույնպես կար որպես թեկնածու, բայց, քննարկումների արդյունքում կոնսենսուսով որոշվեց, որ պետք է լինի Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Խորհրդարանական ընտրություններում վերջերս նաև Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 4 ընտրատարածքում հավաքել էր շուրջ 12 հազար ձայն, իսկ Էդմոն Մարուքյանը Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ստացել էր կրկնակի քիչ՝ շուրջ 6 հազար ձայն: Այդուհանդերձ՝ «Ելք» խմբակցության քարտուղար ընտրված Գորգիսյանը վստահեցնում է, որ խմբակցության ղեկավարի ընտրության հարցում խորհրդարանական ընտրություններում հավաքած ձայների քանակը հաշվի չի առնվել:

«Ով ինչ չափի ներդրում է ունեցել, երբեք չպետք է հաշվվի, որովհետև դրանք արդեն թիմին դեմ քայլեր կլինեն: Դա եղել է թիմային աշխատանք, ինչպես մեր ամբողջ աշխատանքը դաշինքի ստեղծման պահից: Նույնիսկ քաղաքապետի քարոզարշավը դա թիմային աշխատանք էր, և ձեռք բերված արդյունքը դա թիմի արդյունքն է: Ամեն ինչ գնահատվելու է այդպես: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, գործոններ, ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք, ինչի համար շատ ուրախ ենք բոլորով»,- շարունակեց Գորգիսյանը:

«Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրություններին հավաքած շուրջ 122 հազար ձայնով վեցերորդ գումարման Ազգային ժողովում ունի 9 պատգամավոր: Գորգիսյանը նշեց, որ իրենք պատրաստ են խորհրդարանում որոշ հարցերի շուրջ համագործակցել ոչ իշխանական մյուս ուժի՝ «Ծառուկյան դաշինք»-ի հետ․ «Կոալիցիոն նմանատիպ համագործակցության մասին չեն քմտածել և նույնիսկ չի քննարկվել, բայց կոնկրետ հարցեր կլինեն, կոնկրետ նախագծեր կլինեն, որոնց շուրջ միանշանակ պետք կլինենք մենք միմյանց և, ինձ թվում է, կկարողանանք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել»:

Անցած կիրակի օրը տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»-ը ստացավ 70 հազարի քվե: Դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ ավագանիում իրենց խմբակցության ղեկավարության մասին այսօր հայտարարությամբ հանդես չեն գա: 31-ամյա նորընտիր պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այժմ «Ելք» դաշինքում ընդգրկված երեք կուսակցությունների ներկայացուցիչներից խումբ է ձևավորվում, որը զբաղվելու է միասնական կուսակցության ստեղծման աշխատանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG