Մատչելիության հղումներ

Առանց այդ էլ աղքատ Աճարկուտը շուտով ունեցած սուղ բյուջեն էլ կկորցնի


Աճարկուտի գյուղապետի աշխատասեղանից թռնչաղբն անպակաս է
Աճարկուտի գյուղապետի աշխատասեղանից թռնչաղբն անպակաս է

Անտառների պահպանությունը խստացնելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ շաբաթվա հանձնարարականները նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ գյուղ են հասել։

Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն այստեղ անտառն է։ Գազ չունեցող գյուղում ասում են՝ պետությունը կարևոր գործ է անում՝ պահպանում է անտառը, բայց նաև մտմտում են՝ 100 բնակիչ ու ընդամենը երեքուկես միլիոն դրամ բյուջե ունեցող գյուղում ուրիշ ո՞նց ապրեն։

«Լավ էր էլի էս անտառի բանի գծով, որ մի քիչ․․․ հիմի աշխատում չեն, էլի գնում էին անտառ, գալիս էին, ատևտուրի բանի մեջ էին մտնում․․․ դե պետություն ա, բան, հսկում են, որ կարգը չխնգարեն էլի»,- ասում է աճարկուտցի Լևոն Քամալյանը:

Նա իր համագյուղացու՝ Լազերի հետ թվարկում է գյուղի խնդիրներն ու զգուշավորությամբ ավելացնում, թե բողոքելու բան չունեն՝ խանութում ամեն ինչ կա, սոված չեն մնում, չնայած փող չունեն․ «Հացը կա, ուտելը կա, խմելը կա, թոշակը ստանում եմ, ման եմ գալիս... լավ տղերք ունեմ, լավ թոռներ ունեմ, ամենքը Մոսկվա բան, ստի ընդի շաղ ընցած են»,- ասում է Լազերը։ «Ասենք՝ սովում չենք, հացը խանութումը կա, մթերք կա, մենակ փող ա պետք էլի, էդ շաշ բանն ա խանգարում էլի»,- հավելում է Լևոն Քամալյանը։

Ի տարբերություն տարեցների, երիտասարդները դժգոհ են։ Գյուղապետարանում կես դրույքով աշխատող Ջուլիետան ասում է՝ 9 հոգանոց իրենց ընտանիքն իր 35 հազար դրամ աշխատավարձով ու տան մեծերի թոշակով է ապրում։ Գյուղը վարելահողեր էլ չունի․ «Դպրոց չկա, մանկապարտեզ չկա, դպրոցում 8 աշակերտ կա, սաղ թողում են՝ հեռանում»:

Ջուլիետան գյուղապետարան ուղեկցեց։ Ցույց տվեց երկհարկանի շենքի խարխուլ աստիճաններն ու պատերը։ Տեղ-տեղ բացված տանիքի ու պատերի արանքներում մոշի թփեր են աճել։ Կես դրույքով աշխատող հավաքարարը դժվարանում է անգամ գյուղապետի սենյակը մաքրել տանիքից անընդհատ թափվող թռչնաղբից։

Իր սենյակ հազվադեպ մտնող գյուղապետի փոշոտ սեղանին մի քանի թղթեր էին ու կնիքի թանաքամանը՝ ամբողջովին թռչնաղբի մեջ կորած։ «Սաղ սրբում եմ, կոպեկ ա՝ ստանում եմ էլի, իմ գոյությունը պահում եմ... էս ավերված տեղը ի՞նչն ես հավաքում»,- ասում է հավաքարարը:

Գյուղապետարանի խարխուլ շենքում այսօր 5 մարդ է աշխատում։ Գյուղապետ Մանվել Ավետիքյանը, որն 8 ամիս առաջ հաղթել է համայնքի 26 տարվա ղեկավարին, ասում է՝ կանանց տուն ուղարկելու ճար չունի։ «Հասկանում եմ՝ ավել ա, բայց ի՞նչ անենք, ընդամենը մի երկու հոգի են, էդ էլ իրանց ընտանիքը պահելու, իրանց պրոբլեմները լուծելու, եթե իրանց ազատեմ, ըհը, մի երկու ընտանիք էլ սոված կմնա, կոպիտ եմ ասում, բայց տենց ա»,- ասում է գյուղապետը։

Գյուղապետարանի աշխատողներից 4-ը, այդուհանդերձ, շուտով կկրճատվեն. կառավարությունը գյուղն Իջևանին միացնելու ծրագիր ունի։ 3,5 միլիոն դրամ բյուջեն այլևս Աճարկուտ չի հասնի։ Երիտասարդ գյուղապետն էլ արդեն վարչական ղեկավար կդառնա, բայց ո՛չ բնակիչները, ո՛չ էլ գյուղապետարանի աշխատակիցները հույս չունեն, թե բացի աշխատատեղերի կրճատումից, ինչ-որ բան կփոխվի գազի, ջրի, ճանապարհերի, դպրոցի ու մանկապարտեզի բազմաթիվ խնդիրներ ունեցող սահմանամերձ այս գյուղում։

«Եթե համայնքի ղեկավարը ներկայացրել ա ու չի արվել ինչ-որ մի բան պետության կողմից, ինձ թվում ա՝ էս խոշորացումից հետո էլ ոչ մի բան չի արվի»,- ենթադրում է գյուղապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG