Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրիանիի» դիմումը բաղկացած է երկու թերթից, որին այլ նյութեր կցված չեն. Մուկուչյան


Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանին» ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ երեկ դիմել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ հայտարարելով, որ կուսակցությունն ունի «խախտումների մասին վկայող հիմնավոր փաստեր»։

«Ազատության» հարցին, թե կուսակցությունը ներկայացրե՞լ է անհրաժեշտ փաստեր, և հնարավո՞ր է, որ ավագանու ընտրություններն անվավեր ճանաչվեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. - «Ցանկացած դիմում, որը մուտք է լինում հանձնաժողով, բնական է, որ դիմումը դառնում է քննության առարկա։ Ներկայացվել է դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, նման իրավունք ունի ընտրություններին մասնակցող կուսակցությունը։ Դիմումի իրավաչափության հետ կապված՝ արդյո՞ք պատշաճ, բավարար հիմքեր են ներկայացվել սուբյեկտի կողմից, թե՞՝ ոչ, մենք դրան կանդրադառնանք դիմումի քննության շրջանակներում։ Այս պահին մենք կարող ենք փաստել մեկ բան, որ կա նման դիմում, որը բաղկացած է երկու թերթից, և որին այլ նյութեր կցված չեն»։

«Երկիր Ծիրանին» ԿԸՀ ներկայացրած դիմումում նշել է, որ «շուրջ 10 հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկած է եղել երբ բերվել է ընտրատեղամաս։ Այդ քվեաթերթիկները անվավեր են դարձել բարեխիղճ ընտրողների կողմից։ Կլինեն 100 հազարավորները, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը»։

Անդրադառնալով կուսակցության այս պնդմանը՝ Մուկուչյանն ասաց. - «Անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ 8 հազարի կարգի է։ Հետևաբար 10 հազարի մասին խոսելն արդեն անընկալելի երևույթ է։ Իսկ ինչ վերաբերում է նման դատողություններ կամ եզրահանգումներ անելուն, դա կարելի է իհարկե անել, եթե կան որոշակի փաստական հանգամանքներ։ Հիմա հարց կարող է առաջանալ՝ «իսկ ինչպե՞ս կարող էին լինել այդ փաստական հանգամանքները», դրա համար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նախ՝ հնարավորություն քվեարկության օրը վստահված անձանց լինելու տեղամասային կենտրոններում, հետևելու գործընթացին, հետո ներկայացնելու վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ»։

Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն սահմանված ժամկետներում ընդամենը վերահաշվարկի երկու դիմում է ստացել։ «Ի դեպ, այդ դիմումները ներկայացնելու ժամկետները երկարաձգվել էին նախորդ օրենսդրության հետ համեմատած։ Ներկայացվել է երկու դիմում, երկուսն էլ ներկայացվել է «Ելք» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց կողմից։ Իսկ հիշյալ ընտրություններին մասնակցող սուբյեկտի կողմից անգամ նման դիմումներ չեն ներկայացվել և նման դատողություններ անելու համար պետք է այդ ամենը հիմնվի համապատասխան, պատշաճ հիմքերի վրա», - ասաց Մուկուչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG