Հույս և լավատեսություն, ահա այն հիմնական տրամադրությունները, որոնք բնորոշ են Վրաստանի բնակիչների մեծամասնությանը: Սա են վկայում ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի` NDI-ի օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:
Սոցիոլոգիական այս հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ Վրաստանի բնակիչները միանշանակորեն վստահ են` վերջին տարիներին երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել:
Արդյո՞ք այսօր Վրաստանը կյանքի համար ավելի բարենպաստ երկիր է քան 15 տարի առաջ, սոցիոլոգների այս հարցին դրական է պատասխանել հարցվածների 72 տոկոսը:
Ուշագրավ է, որ այս կարծիքին են հակված նաև Վրաստանում բնակվող հիմնական ազգային փոքրամասնությունները` հայերն ու ադրբեջանցիները:
Այսպես՝ Ջավախքում և Մարնեուլիում անցկացված հարցման մասնակցիների 69 տոկոսը նշել է, որ վերջին 15 տարիներին կյանքի պայմանները Վրաստանում զգալիորեն բարելավվել են:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի բնակիչների միայն 33 տոկոսն է վստահ, որ երկիրն այսօր ճիշտ ուղղությամբ է զարգանում:
NDI-ի կողմից հարցված վրացիների 31 տոկոսի համոզմամբ, երկրում ընդհանրապես որևէ փոփոխություն չի արձանագրվում, ևս 31 տոկոսի պնդմամբ, Վրաստանը, որպես պետություն, սխալ ուղղությամբ է շարժվում: Այս վերջին տեսակետի կողմնակիցների թիվը մեծ է հատկապես նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» անդամների շրջանում: Նախկին նախագահի կողմնակիցների 56 տոկոսը պնդում է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի մասնագետների անցկացրած հարցման գլխավոր առանձնահատկություններից մեկը, սակայն, լավատեսության այն զգալի աստիճանն է, որ նկատվում է վրացական հանրության ներսում:
Հարցվածների 74 տոկոսի համոզմամբ, 15 տարի հետո Վրաստանը տնտեսապես շատ ավելի կայուն երկիր կլինի: Հարցման մասնակիցների 66 տոկոսը կարծում է, որ 15 տարի անց աղքատության ցուցանիշը երկրում զգալիորեն նվազելու է: Հետազոտության մասնակիցների 69 տոկոսի համոզմամբ,Վրաստանի բնակիչների հաջորդ սերունդը ավելի լավ է ապրելու քան՝ ներկա սերունդը: