Առաջիկա ուրբաթ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունները վճռորոշ են լինելու պաշտոնական Թեհրանի և Արևմուտքի հարաբերությունների հետագա ընթացքի առումով: «Իրանը կանգնած է պատմական ընտրության առաջ»,- նախօրեին Թեհրանում հայտարարել է գործող նախագահ, երկրորդ ժամկետի համար պայքարող Հասան Ռոհանին՝ աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Երկու տարի առաջ, հենց նրա պաշտոնավարման օրոք, Իրանը պատմական գնահատվող գործարք կնքեց գերտերությունների հետ՝ համաձայնելով սահմանափակել միջուկային հետազոտությունների ծրագիրը և ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները՝ արևմտյան պատժամիջոցների վերացման դիմաց:
Վերընտրության դեպքում 68-ամյա Ռոհանին խոստանում է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, պնդելով՝ «Իրանը չի կարող վերստին հայտնվել մեկուսացածի կարգավիճակում»: «Մեր ժողովուրդը պետք է որոշի՝ ուզու՞մ է շարունակել խաղաղության ճանապարհը, թե՞ բռնել լարվածության ուղին»,- նաև ասել է գործող նախագահը:
Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ կատարված սոցիոլոգիական հարցումների համաձայն, Հասան Ռոհանին ձայների ոչ մեծ տարբերությամբ գերազանցում է իր հիմնական մրցակցին՝ ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսիին: Վերջինս պնդում է, թե Ռոհանիի օրոք Արևմուտքի հետ կնքված գործարքն այդպես էլ խոստացված օգուտները չի բերել. երկրի միջուկային հնարավորությունները սահամանափակվել են, սակայն, տնտեսությունը չի զարգացել, ներդրումներն էլ են ավելացել:
Իր հաղթանակի դեպքում 56-ամյա ընդդիմադիրը խոստանում է կրճատել գործազրկությունն ու աղքատությունը առանց արտաքին աշխարհի աջակցության: «Աղքատներին տրվող ամսական նպաստները պետք է առնվազն երեք անգամ ավելացնել՝ հասցնելով մեկուկես միլիոն ռեալի (46 դոլար)»,- հայտարարել է Ռաիսին:
Տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներն առանցքային տեղ են զբաղեցնում առաջադրված բոլոր թեկնածուների ծրագրերում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, այսօր Իրանում գործազուրկ է երիտասարդների շուրջ 30 տոկոսը: Վերջին 4 տարիները դրական առումով ոչինչ չփոխեցին, մինչդեռ՝ աճեց աղքատությունը, գործազրկությունը, անառակությունն ու թմրամոլությունը:
Ի սկզբանե, նախագահական մրցապայքարին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1600 թեկնածու, սակայն, ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցեց նրանցից միայն վեցին: Ընդ որում, գրանցված թեկնածուներից երկուսը քվեարկության նախաշեմին դուրս եկան պայքարից․ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ հօգուտ ընդդիմադիր Ռաիսիի, իսկ առաջին փոխնախագահ՝ բարեփոխական Էսհաղ Ջահանգիրը՝ հօգուտ գործող նախագահի:
Թեև երկիրն առաջնորդելու հայտ էին ներկայացրել նաև 137 կանայք, նրանցից որևէ մեկի թեկնածությունն այս անգամ էլ խորհրդի կողմից հավանության չարժանացավ, և վերջիններս դուրս մնացին ընտրապայքարից:
Եթե առաջիկա ուրբաթ թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, մայիսի 26-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը՝ ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուների միջև: 56 միլիոն ընտրող ունեցող Իրանում նախագահությունն ընտրություններով որոշվող ամենաբարձր պաշտոնն է, սակայն, բարձրագույն իշխանությունը շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում: