Մատչելիության հղումներ

Աստղիկ Փանոսյանը կարող է նշանակվել Ֆրանսիայի Աշխատանքի նախարար


Էմանյուել Մակրոնը երդմնակալության արարողությանը: 14-ը մայիսի, 2017 թ․

Երեկ նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակեց «Աջակողմյան հանրապետականներ» կուսակցության անդամ Էդուարդ Ֆիլիպին։

Ֆիլիպն այժմ կազմում է իր կառավարությունը, որի կազմը կներկայացնի վաղը: Ըստ լրատվամիջոցների, նոր կառավարության մաս կարող է կազմել ծագումով հայ Աստղիկ Փանոսյանը՝ Աշխատանքի նախարարի պաշտոնում:

Փանոսյանն ավարտել է Փարիզի Առևտրի բարձրագույն ուսման դպրոցը և Քաղաքական գիտությունների հաստատությունը:1994 թվականից ի վեր նա պաշտոնավարել է ֆինանսական և ապահովագրական հաստատություններում՝ դրանց տեղական ու միջազգային մասնաճյուղերում վարելով պատասխանատու պաշտոններ:

2015-ից ի վեր Փանոսյանը եղել է եվրոպական առաջատար «Ունիբայ ռոտանգո» առևտրական խմբի տնօրենը:

Նոր վարչապետ Էդուարդ Ֆիլիպը նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի մերձավորագույն աջակիցն էր և նախագահական ընտրություններում պաշտպանում էր նրա թեկնածությունը: Ֆիլիպը Հավրի քաղաքապետն էր: Նա 46 տարեկան է:

Շատերի կարծիքով, այս ընտրությամբ Էմանյուել Մակրոնը ցանկանում է քայքայել «Աջակողմյան հանրապետականներ» կուսակցությունը:

Հարկ է նշել, որ եթե այդ կուսակցությունը իր թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի պարտությունից հետո փորձում է պահպանել միասնականությունը, ապա կուսակցության անդամներից ոմանք չեն ուզում հակադրվել կազմավորվող կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG