Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության` սահմանադրական փոփոխություններին նվիրված համաժողովրդական քննարկում կազմակերպելու առաջին փորձը տապալվեց: Երկուշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հավաքված հարյուրավոր ցուցարաներն այդպես էլ թույլ չտվեցին իշխող կուսակցության ղեկավարներին՝ ներկայացնել բարեփոխումների փաթեթը:
«Վրացական երազանքի» կողմից առաջարկած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են նախագահի լիազորությունների զգալի կրճատում, նախատեսվում է նաև վերացնել երկրի նախագահի ուղղակի համաժողովրդական ընտրության համակարգը: Ըստ բարեփոխումների փաթեթի, զգալիորեն ընդլայնվում են կառավարության և խորհրդարանի լիազորությունները, վերացվում է խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը: Սահմանադրական բարեփոխումների փաթեթի հաստատման դեպքում զգալի վերադասավորումների կենթարկվի նաև քաղաքական դաշտը: Շրջանառվող նախագծով, օրինակ, արգելվում է ընտրությունների շրջանում նախընտրական դաշինքների ձևավորումը:
Երեկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդների համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը «Վրացական Երազանքի» և դրա հիմնադրի` երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլիի դիրքերի ամրապնդումն է: «Սա համաժողովրդական Սահմանադրություն չէ: Այս քննարկումը միայն մեկ բառով է հնարավոր բնութագրել` խեղկատակություն: Դուք ցանկանում եք մի փաստաթուղթ հաստատել, որը ծառայեցվում է իշխող վերնախավի և նրա գրպանում գտնվող գործարարների շահերին», - բարձրախոսով դիմելով իշխող վերնախավի ներկայացուցիչներին, հայտարարում էր ակտիվիստներից մեկը:
Սահմանադրական փոփոխությունների վիճահարույց կետերից մեկով էլ նախատեսվում է օտարեկրացիներին երկրի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերման իրավունք շնորհել: Դա ևս մեծ դժգոհություն է առաջացրել բարեփոխումների դեմ հանդես եկող ցուցարարների շրջանում: Նրանց մի մասն էլ պնդում է՝ իշխանությունները որևէ էական քայլի չեն դիմում աշխատավորների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Սահմանդրությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, այդ հարցը ևս չի լուծում:
Մատնանշելով օրերս Թղիբուլի քաղաքի ածխահանքում տեղի ունեցած վթարը, որի հետևանքով չորս մարդ էր զոհվել, ցուցարարները պնդում էին, որ իշխանություններին միայն իրենց բիզնես շահերն են հետաքրքրում: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, սակայն, նոր Սահմանադրության հակառակորդների այս պահանջները որակում է որպես ձախ, անգամ կոմունիստական գաղափարներ տարածելու փորձ:
«Երիտասարդ կոմունիստները Վրաստանում այլևս անելիք չունեն: Ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է հանդիպումը շարունակել նման ձևաչափով: Կուզեի միայն նշել, որ մենք գնալու ենք ոչ թե կոմունիստական ուղղով, այլ այն ճանապարհով, որ նախանշել է Իլյա Ճավճավաձեն: Նոր Սահմանադրությունը հենց այդ նպատակին է ծառայելու»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը`դահլիճից հեռանալով: