Մատչելիության հղումներ

Դատավորը «տնավարի մերժում» որակեց ընդերքօգտագործման դիմումը մերժելու մասին՝ նախարարության որոշումը


Բաց եղանակով շահագործվող հանքավայր, արխիվ
Բաց եղանակով շահագործվող հանքավայր, արխիվ

«Վայք մետալ» ընկերությունն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդուն՝ Արթուր Սիմոնյանին։

Այսօր վարչական դատարանը քննեց Վայոց ձորում հանքավայր շահագործելու մտադրություն ունեցող «Վայք մետալ» ընկերության հայցն ընդդեմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության։

«Վայք մետալ» ընկերությունն անցած տարի դիմել էր ինչպես այս, այնպես էլ Բնապահպանության նախարարությանը՝ Վայոց ձորի Գլաձոր, Վերնաշեն և Մալիշկա գյուղերի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար, սակայն, մերժում էր ստացել։ Ծրագիրը մեծ դիմադրության էր արժանացել նաև գյուղերում։ Հանրային բոլոր լսումներն անցել են լարված մթնոլորտում. թե՛ բնակիչները, և թե՛ գյուղապետերը պնդում էին, որ ամեն ինչ անելու են այդ ծրագրի մեկնարկն արգելելու համար։ «Բեսպրիդել ա...»,- ասում էին նրանք:

Գյուղացիների հետ վեճեր ու անգամ բախումներ ունեցած ընկերության շահերն այսօր դատարանում ներկայացնում էր Արսեն Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, որ անհիմն են համարում նախարարության մերժումը և պահանջեց անվավեր ճանաչել այդ մասին ընդունած որոշումը։ «Նախարարության կողմից որպես փորձաքննություն, որպես այդպիսին, չի կատարվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանն էլ նշեց, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը, որի հիմքով էլ մերժել են թույլտվության դիմումը։ Ըստ պատասխանող կողմի, բաց եղանակով բազմամետաղային հանքավայր շահագործելու մասին նախագծում խախտված էին օրենսդրական մի շարք պահանջներ, պահպանված չէին նաև սահմանված նորմատիվները։

«Փորձաքննության ներկայացված նախագծի վերաբերյալ եթե տրվում է բացասական եզրակացություն, բնականաբար, հնարավոր չէ ընդերքօգտագործողին տալ նման իրավունք, թույլտվություն»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Նա հավելեց, որ առաջին անգամ են նման հարցով դատարան եկել, նախկինում երբևէ արդյունահանողներին չեն մերժել։ Նաև ասաց, որ մերժման դեպքում պետք է նախարարի հրաման լիներ, սակայն, չունեն։ Պարզապես գրությամբ են մերժել դիմող ընկերությանը, առանց օրենքի վրա հղում կատարելու։ «Ի վերջո՝ նման գործընթացը մեկ անձի կողմից չի կատարվում։ Կան բաժիններ, գործակալություն, որոնք ընդհանուր քննարկում են բոլոր փաստաթղթերը։ Քննարկման արդյունքում է նման որոշում կայացվել, մերժվել»,- ասաց Փիլոյանը։

Դատավոր Կարեն Ավետիսյանն ընդերքօգտագործման թույլտվությունը մերժելու մասին նախարարության գրությունը համարեց «տնավարի մերժում»։ Նշենք, որ «Վայք մետալ» ընկերությունն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդուն՝ Արթուր Սիմոնյանին։

Ի դեպ, այսօր Վարչական դատարանն «Ազատությանն» արգելեց նկարահանումներ կատարել նիստի ընթացքում, չնայած՝ կողմերը դեմ չէին։ Դատավոր Կարեն Ավետիսյանն ասաց․ «Նիստը դռնբաց է, բայց նկարահանումներն արգելելու մասին որոշում է կայացնում, քանի որ այն հանրային նշանակություն չունի»։ «Հանրային նշանակություն չունեցող» այս գործով, որն առնչվում է երեք գյուղերի մի քանի հազար բնակիչների, դատարանի որոշումը կհրապարակվի 2 շաբաթից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG