Մատչելիության հղումներ

Սահմանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի, սահմանում իրավիճակը վերահսկելի է։

Նշենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր հակատանկային նռնականետ, իսկ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:

Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սրանք անսպասելի զարգացումներ չեն ամեն օր էլ, ադրբեջանական կողմը դիմում է նման քայլերի։

«Սա կարելի է որակել որպես ահաբեկչություն, ընդ որում ահաբեկչություն, որն ուղղված է ոչ միայն Արցախի, Հայաստանի դեմ, այլ՝ միջազգային հանրությանն առհասարակ, և նույն ԵԱՀԿ գրասենյակի փակումը Ադրբեջանի ջանքերով ողջ հարավկովկասյան տարածաշրջանում դրա վառ վկայությունն է», - ասաց Բաբայանը՝ շարունակելով. - «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է հետևություններ անի և տարբեր կազմակերպություններ պետք է հրաժարվեն պարբերաբար այս ադրբեջանական խավիարի դեգուստացիայից, որն ազդում է նաև սկզբունքայնության վրա, ազդում է օրենքների և նորմերի պահպանման վրա»։

Ըստ Բաբայանի, կան որոշ հանգամանքներ, որոնք խթանում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը։ «Ադրբեջանն իր էությամբ ահաբեկչական պետություն է։ Կան որոշ հանգամանքներ, որ խթանում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը, առաջին հերթին դա Ադրբեջանում քաղաքական և տնտեսական իրավիճակի վատթարացումն է, ինչ վերաբերում է տնտեսականին, մենք տեսնում ենք, որ տնտեսության ֆինանսական հատվածը հատկապես բանկային, արդեն կան ճգնաժամային լուրջ նշաններ՝ բանկի փակում, բազմաթիվ այլ բանկերի փակումը, սնանկացումը, սրանք դրա վառ ապացույցն են։ Տնտեսությունում կան լուրջ խնդիրներ. եկամուտները նավթից կտրում նվազել են, նրանք նույնիսկ ռազմական ծախսերն են նվազեցրել, դրա հետ զուգահեռ կա դժգոհություն՝ ալիևյան կլանի կողմից Ադրբեջանի սեփականաշնորհման վերաբերյալ։ Այն, որ բռնի կերպով փակվել են ընդդիմադիր կայքէջերը, ռադիոկայանները, հեռուստատեսությունները, «Ազատություն» ռադիոկայանը, սաղ դրա վառ ապացույցն են, այսինքն կլանը պայքարում է իր ընդդիմադիրների, կամ իր հակառակորդների դեմ, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի ինչ-որ ձևով, կրկին արտաքին թշնամու կերպարը շահարկվում է», - ասաց Բաբայանը՝ շարունակելով. - «Սա նաև մի պատեհ առիթ է միջազգային հանրության ուշադրությունը շեղել և ասել՝ «դե հիմա մենք ունենք պատերազմող երկիր, հակառակորդը մեզ վրա անընդհատ հարձակվում է, դրա համար մենք ստիպված ենք նման քայլերի դիմել»։ Բայց արդեն, կարծում եմ, այն իրավիճակն է, որ միջազգային հանրությունը պետք է պարզապես ցույց տա իր սկզբունքայնությունը, որովհետև ինչ Ադրբեջանն է անում, սա պարզապես իրենց արժանապատվության հետ է խաղում։ Պետք է ավելի կտրուկ, հասցեական քայլեր ձեռնարկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG