Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մեղադրում է Ասադի ռեժիմին զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ


ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահները
ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահները

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ պնդելով, որ սիրիական ռազմական «Սայեդնայա» բանտում, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում, զանգվածային մահապատիժներ են իրականացվում։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Ստյուարտ Ջոնսի խոսքով՝ այնտեղ օրական շուրջ 50 կալանավոր է կախաղան բարձրացվում։

«Զանգվածային մահապատիժները թաքցնելու համար, սիրիական կառավարությունը հատուկ դիակիզարան է կառուցել, որը հաստատվել է ԱՄՆ-ի ստացած լուսանկարներով», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Կառավարությունը իջել է անբարոյականության նոր մակարդակի», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Պաշտոնական Վաշինգտոնի այս պնդումները այսպիսով հաստատում են Amnesty International կազմակերպության իրավապաշտպանների ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները. անցած փետրվարին կազմակերպությունը հրապարակել էր մի զեկույց, որում մանրակրկիտ նկարագրում էր սիրիական ռազմական այդ բանտում տիրող սարսափազդու իրավիճակը, թե ինչպես են կտտանքների և մահապատժի ենթարկում առաջին հերթին նախագահ Ասադի ընդդիմախոսներին:

Ըստ կազմակերպության տվյալների, վերջին տարիներին «սպանդանոց» անվանումը ստացած «Սայեդնայա» բանտում, կարող էր մահապատժի ենթարկված լինել ավելի քան 13 հազար մարդ։ Զոհերը, ըստ իրավապաշտպանների, հիմնականում քաղաքացիական անձիք են, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն։

«Ամեն շաբաթ՝ սովորաբար երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, կալանավորների խմբերը` 20-ից 50 մարդ, դուրս են բերվում բանտախցերից: Նրանց ասում են, թե տեղափոխում են քաղաքացիական հաստատություններ: Սակայն, փոխարենը, նրանց տանում են «Սայեդնայա» բանտի այլ մասնաշենք, որտեղ կախաղան են հանվում», - հայտարարում էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Այս մեղադրանքները, սակայն, պաշտոնական Դամասկոսը բազմիցս հերքել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG