Մատչելիության հղումներ

«Պայքարն այսուհետ հիմնականում ծավալվելու է իշխանության ներսում»․ փորձագետ


Ընտրատեղամասերից մեկում, Երևան, 14-ը մայիսի, 2017 թ․

Վերլուծաբանները մեկնաբանում են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ընտրական մի շրջափուլ, որից հետո ներքաղաքական պայքարը հիմնականում ծավալվելու է իշխանության ներսում: Ամփոփելով մայրաքաղաքի ավագանու երեկ կայացած ընտրությունները՝ այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պայքարն արդեն իսկ ընթանում է և լինելու է այն բանի համար, թե ով կլինի երկրում էլիտան 2018-ից հետո, երբ գործող նախագահը հեռանա: Պայքարը տեղի է ունենում Հանրապետականի ներսում, որը բաժանվել է իրար դեմ մրցող թևերի: Պայքար է ընթանում նաև ինչպես օլիգարխների դեմ, այնպես էլ՝ օլիգարխիկ համակարգի մեջ: Այս պայքարը շարունակվելու է առնվազն մինչև պարոն Սարգսյանի հեռանալը»,- ասաց Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ վերջին ընտրություններից հետո փողոցային պայքար չսկսվեց և չի էլ ակնկալվում, քանի որ չկա խաբված լինելու զգացում, մարդիկ իրենց կամքով վաճառել են իրենց ձայները․ «Ինչ-որ պոռթկումներ հնարավոր է՝ լինեն, բայց պատկերացնել, որ մարդիկ, ովքեր հենց նոր 70 տոկոսով քվեարկել են [իշխանության թեկնածուի օգտին], մասնակցելու են որևէ հանրային բողոքի՝ չի կարելի, և ինչպես տեսնում եք՝ նման բան չկա»:

Քաղաքագետի կարծիքով՝ ընտրողների վստահությունն ընդդիմության հանդեպ շարունակական անկում է ապրում, դրա համար էլ նրանք «ռացիոնալ որոշում» են կայացնում՝ ընտրելով փողը: «Եթե ես որևէ մեկին չեմ վստահում, եթե հույս չունեմ, ապա ես կքվեարկեմ այնպես, ինչպես ցանկանում է մի թեկնածու, կվերցնեմ իմ հասանելիքն ու կգնամ տուն, կամ ընդհանրապես չեմ մասնակցի քվեարկության»,- իր կարծիքը հիմնավորեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետ Հայկակ Արշամյանի կարծիքով էլ, ոչ իշխանական ուժերը վերջին ընտրություններից հետո պետք է հասկանան, որ աշխատել պետք է միշտ, ոչ թե միայն ընտրական շրջանում: «Կուսակցությունները պետք է հասկանան, որ քաղաքական պայքարը տեղի է ունենում ամեն օր, և ընտրություններում ուղղակի այդ պայքարի արդյունքներն են ձևակերպվում:

Եվ քանի որ Հանրապետականն իշխող կուսակցություն է, այդ խնդիրը չունի, այսինքն՝ ինքն ամենօրյա ռեժիմով ամրապնդում է իր իշխանությունը, ամրապնդում է ոստիկանական համակարգը, էսպես ասած՝ «ուսուցչական» համակարգը, կրթական և մշակույթի ողջ համակարգը բերել է իր ձեռքի տակ: Այսինքն՝ էն բոլոր ոլորտները, որոնք կարող են ազդեցություն գործել մարդկանց վրա, Հանրապետական իշխանության ձեռքում են»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկակ Արշամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG