Մատչելիության հղումներ

Մակրոնը պաշտոնավարման առաջին իսկ օրը վարչապետ նշանակեց ընդդիմադիր ուժի ներկայացուցչին


Ֆրանսիա - Ֆրանսուա Օլանդը լքում է Ելիսեյան պալատը՝ նախագահի լիազորությունները փոխանցելով Էմանյուել Մակրոնին, Փարիզ, 14-ը մայիսի, 2017թ․
Ֆրանսիա - Ֆրանսուա Օլանդը լքում է Ելիսեյան պալատը՝ նախագահի լիազորությունները փոխանցելով Էմանյուել Մակրոնին, Փարիզ, 14-ը մայիսի, 2017թ․

Ֆրանսիայի նորընտիր նախագահը ժամանակ չի կորցնում նաև արտաքին քաղաքական դաշտում: Այսօր իսկ նա մեկնեց Գերմանիա՝ Եվրամիության թիվ մեկ երկրի առաջնորդին հանդիպելու:

Ֆրասիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր, պաշտոնակալության ստանձնումից հետո աշխատանքային առաջին իսկ օրը, երկրի վարչապետ նշանակեց պահպանողական, մասնագիտությամբ իրավաբան Էդուար Ֆիլիպին: Այդ նշանակումն, ըստ քաղաքական վերլուծաբանների, կարող է թուլացնել ընդդիմադիրների դիրքերը մեկ ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

46-ամյա Ֆիլիպը աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունից է, քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցությունում, ապա հարել կենտրոնամետներին, ընտրվել է պատգամավոր, եղել մերձափնյա Հավրի քաղաքապետը:

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ, փաստորեն, երկրի նախագահը, առանց խորհդարանական ընտրությունների արդյունքների ու կոալիցիա կազմելու պարտադրանքի, վարչապետի պաշտոնում նշանակում է ոչ թե իր կուսակցին, այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցչին: Այս քայլով, վերլուծաբանների դիտարկմամբ, Մակրոնը միանգամից մի քանի հարց է լուծում. նախ՝ ցույց է տալիս, որ հավատարիմ է իր նախընտրական ծրագրին, որով խոստանում էր նոր դեմքեր ու նոր քաղաքական մոտեցումներ բերել ֆրանսիական քաղաքականություն, բացի այդ, ամրապնդում է համագործակցությունը աջ կենտրոնամետ ուժի հետ՝ հունիսին կայանալիք ընտրությունների շեմին:

Մակրոնի՝ մեկ տարի առաջ հիմնադրված կուսակցությունը գործող խորհրդարանում այժմ ոչ մի տեղ չունի և, ըստ էության, պայքարը սկսում է զրոյից՝ ունենալով ընդամենը մեկ ամիս ժամանակ: Մյուս կողմից, Մակրոնին ծայրաստիճան անհրաժեշտ է մեծամասնություն ձևավորել խորհդարանում, այլապես նրա առանցքային խոստումները գործազրկությունը կրճատելու ու սոցիալական ոլորտը բարեփոխելու վերաբերյալ կարող են մնալ թղթի վրա: Քաղաքական դիրքերն ամրապնդելու համար երիտասարդ նախագահի կուսակցությունը մինչ օրս իր թևի տակ էր առնում հիմնականում Սոցիալիստական կուսակցության ու Ֆրանսուա Բայրուի կենտրոնամետ «ժողովրդավարական շարժման» հետևորդներին:

Այսօր, փաստորեն, նրանց միացավ նաև ընդդիմադիր հանրապետականների ազդեցիկ դեմքերից մեկը՝ Էդուար Ֆիլիպը, ով ամիսներ առաջ հրապարակավ քննադատում էր այսօրվա նախագահին: Նախագահական ընտրություններից առաջ նորանշանակ վարչապետը թերթերից մեկում, մասնավորապես, գրել էր՝ «Մակրոնը որևէ բանի համար պատասխանատվություն չի ստանձնում, փոխարենն ինչ ասես խոստանում է՝ երիտասարդ նվաճողի եռանդով ու տարեց վետերանի ցինիզմով»: «Իսկ այսօր նա Մակրոնի ճամբարում է և պատրաստվում է մինչև վաղը կառավարության ողջ ցանկը հրապարակել»,- փաստում են տեղական լրատվամիջոցները:

Ներքաղաքական թիվ մեկ հարցից բացի, նախկին բանկիր Էմանյուել Մակրոնը ժամանակ չի կորցնում նաև արտաքին քաղաքականության դաշտում: Այսօր՝ երդմնակալությունից հետո առաջին իսկ օրը, նա մեկնեց Գերմանիա՝ Եվրամիության թիվ մեկ երկրի առաջնորդին հանդիպելու: Ակնկալվում է, որ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների առանցքում լինելու է Եվրոպական միությունը բարեփոխելու և ամրապնդելու հարցը, ինչի մասին կենտրոնամետ Մակրոնը բազմիցս է խոսել նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Երեկ էլ՝ երդմնակալության առիթով հնչեցրած իր ելույթում, 39-ամյա նախագահը հայտարարեց․ «Մեզ ավելի արդյունավետ, ավելի ժողովրդավար Եվրոպա է պետք, Եվրոպային՝առավել հզոր ու վստահ Ֆրանսիա: Աշխարհն ու Եվրոպան այսօր Ֆրանսիայի կարիքն ունեն առավել, քան երբևէ: Նրանք հզոր Ֆրանսիայի կարիքն ունեն, որը վստահ է իր ճակատագրում, կարիքն ունեն Ֆրանսիայի, որը բարձրաձայնում է ազատության ու համերաշխության մասին, Ֆրանսիայի, որը կարող է ապագա ստեղծել»:

Ավելի վաղ, BBC-ի հետ զրույցում, Մակրոնը հայտարարել էր՝ Եվրոպական ընտանիքում անհրաժեշտ են բարեփոխումներ, այլապես Միությունը կարող է կանգնել նաև «Ֆրեքզիթի» հնարավորության առջև: Իրավիճակը փոխելու համար, մասնավորապես, նա առաջարկում է քննարկումներ նախաձեռնել Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում, հասկանալու՝ ինչ են մարդիկ ակնկալում Եվրամիությունից և ինչպես կարող է պաշտոնական Բրյուսելն այդ պահանջները բավարարել: Բացի այդ, Ֆրանսիայի նորընտիր առաջնորդը կոչ է անում ամրապնդել Եվրամիության սահմանները, հավելյալ գումարներ հատկացնել եվրոպական ընտանիքի պաշտպանության ու տնտեսության զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG