Մատչելիության հղումներ

ՄԻՊ աշխատակազմ. Ստացվել է 9 ահազանգ, ուսումնասիրվել է ենթադրյալ խախտումների վերաբերյալ 113 հրապարակում


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում:

Նշված 9 ահազանգը վերաբերել են քվեարկության կազմակերպման և անցկացման՝ օրենքով սահմանված ընթացակարգերին: Բոլոր դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Հաղորդագրության համաձայն, պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած 113 հրապարակում:

Հրապարակումները վերաբերել են ընտրատեղամասերում և ընտրական շտաբներում կուտակումներին, տեխնիկական միջոցների անսարքության, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրացուցակներում գրառումների, ընտրատեղամասերի կահավորման, ընտրողներին կաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության, ինչպես նաև դրա կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը:

Մասնավորապես՝ դիտորդ Վ. Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու, armtimes.com, azatutyun.am, hraparak.am լրատվամիջոցների լրագրողներ Տ. Խաչատրյանի, Ս. Գաբրիելյանի և Ս. Ադամյանի, ինչպես նաև լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր տվյալները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը: Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել և ուղարկվել են Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով: Միջադեպի կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG