Ժամը 14-ի սահմաններում Երևանի Շենգավիթ համայնքում՝ 8/54 տեղամասում ընտրողներից մեկը աղմուկ է բարձրացրել, թե տեսել է, որ քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը ընտրողներից մեկին Հանրապետականի օգտին քվեարկած քվեաթերթիկ է տվել:
«Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Ղահրամանյանն «Ազատությանը» տրամադրել է միջադեպի տեսագրությունը․ տեսանյութում ընտրողը պնդում է, թե իր երեք երեխաներին ևս քվեարկած քվեաթերթիկներ են տվել․ - «Առավոտվանից իմ իրեք էրեխեն էլ եկել են ընտրության, իրեքին էլ ջնջել եք, գրել եք, պտիչկա ես արել, տվել ես․․․ Ո՛չ քոռ ենք, ո՛չ անգրագետ ենք, ո՛չ էլ դեբիլ ենք: Ումը կընտրենք՝ կընտրեք, սա ի՞նչ խաղ ա, ամո՛թ ա»:
Ելք-ի վստահված անձ Նարեկ Ղարհարմանն օգտվել է իր իրավունքից՝ գրանցամատյանում գրառում է թողել, ընտրած քվեաթերթիկն էլ մարել, կցել են նրա դիտարկմանը:
«Ժամը երկուսն անց հինգի սահմաններում քաղաքացի Անահիտը աղմուկ բարձրացրեց առ այն, որ մի այլ քաղաքացու քվեաթերթիկը հանձնաժողովի անդամը արդեն քվեարկված տրամադրեց: Որից հետո վստահված անձը տեղյակ պահեց նախագահին: Վստահված անձը «Ելք» դաշինքից է՝ Ղահրամանյան Նարեկը», - ասաց հանձնաժողովի անդամներից մեկը:
Հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը ավելի քան մեկ ժամ բացակայում էր քվեարկության սենյակից, իսկ վերադառնալով պնդեց, թե ինքը քվեարկած քվեաթերթիկներ չի բաժանել․ - «Ինչ-որ մի կին էկավ, ինքը քվեարկած թուղթը բերեց, մյուսն էլ էնտեղից վրա տվեց․․․ չհասկացա էդ ինչպես սարքեցին: Ես իմ գործն էի անում: «Ելք»-ին դա պետք էր, որովհետև առավոտից մեր մոտ խառնաշփոթ է անում, իրենց դա պետք է ուղղակի մարդկանց վարկաբեկելու համար: Բոլորն էլ գիտեն, որ ես Տարոն Մարգարյանին չեմ ընտրել, ո՞նց իրեն օգտին կտամ: Իրենք ուզում են էդպիսով թյուրիմացություն մտցնել մեջը, վերջ»:
8/54 տեղամասային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գայանե Այվազյանը թեև միջադեպի անմիջական մասնակիցը չի եղել, բայց հավատացել է ոչ թե աղմուկ բարձրացրած քաղաքացու, այլ հանձնաժողովականի խոսքին․ - «Իմ կարծիքով, տեղի է ունեցել բաց քվեարկություն: Մեր հանձնաժողովականը նման բան չէր կարա անի, քանի որ ինքը դասընթաց ա անցել, ինքը ստացել ա լիցենզիա: Դրանից ինքը տեղյակ ա»:
Ի դեպ, հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը մեծ աղմուկ հանած միջադեպից հետո էլ կրկին իր աշխատանքին էր վերադարձել՝ ընտրողներին քվեաթերթիկներ էր տալիս:
Թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանի միջամտությամբ նա դադարեցրեց իր այդ գործը․ - «Արժի հանձնաժողովում մնա, բայց չարժի, որ էդ գործը անի․․․ Հիմա կառաջարկենք, որ էդ գործը չտան իրան»:
«Ելք»-ի վստահված անձ Նարեկ Ղահրամանյանը երեկոյան «Ազատությանը» փոխանցեց, որ Հանրապետականի օգտին քվեարկած քվեաթերթիկ հայտնաբերած կինը վերադարձել է տեղամաս և հարկ համարել գրանցամատյանում գրառում թողնել․ - «Շատ վախեցած արտաքինով, դողալով հետ էկավ, ցանկացավ բացատրություն գրի գրանցամատյանում: Հիմա տեքստն եմ կարդում․ «Քաղաքացի Անահիտ Գեղամյանս, սխալ ընկալելով իրավիճակը, թյուրիմացության արդյունքում սխալ հայտարարություն եմ արել, որի համար ստորագրում եմ»: Իմ անձնական կարծիքն ա՝ իմացել են ով ա, վախեցրել են, ստիպել են, մարդն էլ էկել ա, տվյալ բացատրությունն ա գրել: Բայց դա էական բան չի փոխում, որովհետև տեսանկարահանվել ա ամեն ինչ հա՛մ ընտրատեղամասի կամերայով, հա՛մ իմ ձեռքի հեռախոսով: Ամեն ինչ կա»: