Մատչելիության հղումներ

Աջափնյակում ընտրողը ծրարի մեջ է դրել ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկի նմուշ


Նազիկ Ավետիսյանը պնդում է, թե սխալմամբ է ծրարի մեջ դրել քվեաթերթիկի նմուշը:

Աջափնյակ համայնքում տեղակայված 6/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն առավոտից փորձում էր ցրել դրսի կուտակումները։ Մի խումբ տղաներ, որոնք հերթապահում էին տեղամասի դիմաց հեռանում էին ոստիկանության միջամտությունից հետո, բայց շատ չանցած կրկին խախտում էին օրենքով սահմանված 50 մետր շառավիղը։

«Այդ հարցով ոստիկանները պիտի զբաղվեն, զբաղվեցին», - «Ազատությանն» ասաց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Աննա Մարտիրոսյանը: - «Նաև դա իրենց պարտականությունն է, պարբերաբար պիտի վերահսկվի տարածքը»:

Այս տեղամասում պետք է քվեարկեր նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Մինչև նրա գալը անհայտ անձինք պոկել էին տեղում կայանած ավտոմեքենայի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը:

Գալուստ Սահակյանը քվեարկության եկավ տիկնոջ հետ։ Խցիկից դուրս գալուց հետո հայտարարեց՝ քվեարկել է հանուն բոլոր հայերի մայրաքաղաքի։ Անդրադառնալով ընտրակաշառքին ու ցուցակագրումների, որոնց մասին ահազանգում է «Ելք» դաշինքը, Սակահյանն ասաց՝ իրենց հաջողվել է ապահովել առանց խախտումների ընտրություններ և դա ընդունում են նաև միջազգային դիտորդները։

«Եթե ինչ-որ տեղ փող են վերցնում կամ ինչ-որ մի բան կա, դրա համար համապատասխան մարմիններ կան, կարող են բռնել և դատապարտել: Որևէ բան չեմ տեսնում», - հավելեց Սահակյանը:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակներին վերաբերող հարցին խորհրդարանի նախագահը արձագանքեց․ - «Ես հիմա ընդհանուր միտք եմ ասում, Դուք կոնկրետացնում եք միշտ Փաշինյանի վրա: Փաշինյանը լինի, թե մյուսը լինի՝ ինչ-որ ձևով ցանկանում են ավելի պոպուլյալ երևան հասարակության առաջ»:

Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում իրեն կրկին տեսնում է։ Նրա խոսքով, այդ պաշտոնում փորձառու մարդ է պետք․ - «Չեմ կարծում, որ իմ Ազգային ժողովի նախագահ լինելով որոշակի մեծ դիրքորոշումներ է փոխվելու: Էնպես որ, պիտի սպասենք․․․»

Մամուլը օրերս գրեց, որ Սահակյանի հարսը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, ով, կրկին ըստ մամուլի, ակտիվորեն ընտրություններին ձայններ էր հավաքում ամուսնու համար, շուտով պաշտոնի բարձրացում կստանա, կնշանակվի դպրոցի տնօրեն։

Այս առնչությամբ խորհրդարանի խոսնակն ասաց․ - «Իմ հարսը երբեք ու երբեք դպրոցի տնօրեն լի լինի: Իմ հարսը շատ լավ մանկապարտեզի վարիչ է, և շրջանի ամենալավագույն մանկապարտեզներից մեկի»:

Սահակյանի հեռանալուց հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց նույն շենքում տեղակայաված մյուս՝ 6/02 տեղամասը։ Այնտեղ հանձնաժողովը բացահայտել էր, որ ընտրողներից մեկը ծրարի մեջ էր դրել 3-րդ համարի [ՀՀԿ] դիմաց քվեարկած թերթիկի նմուշը, իսկ օրիգինալը փորձել էր դուրս բերել։ Տեղամասում աշխատող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սուրեն Պապիկյանը տեսագրել էր բնակչուհուն (Նազիկ Ավետիսյանին)։

«Փայլուն թուղթ ա, նմուշ ա, այս, վրան գրած ա՝ նմուշ, քվեարկած 3-րդ համարի մոտ: Ընդ որում գրիչով է քվեարկած: Թե հիմա ո՞նց ա դա հասել քաղաքացուն, ինչի՞ համար է քաղաքացին դա բերել քվեախուց, ես չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապիկյանը:

Մեր նկարահանման պահին քաղաքացի Նազիկ Ավետիսյանին հարցաքննում էր ոստիկանությունը։ Ներսում նկարահանել թույլ չտվեցին, փոխարենը երբ տիկնոջ ըդուրս բերեցին բաժին ուղեկցելու համար, նա այլ կերպ ներկայացրեց իր մոտ հայտնված նմուշի պատմությունը․ - «Ես դրսից գալուց, որ ներս պետք ա մտնեմ, էնտեղ թերթիկ էր գցած, վերցրեցի, մտա ներս»:

Ավետիսյանը հերքեց ամեն ինչ՝ պնդելով, թե սխալվել է: Սուրեն Պապիկյանը, մինչդեռ, պնդում է հակառակը, նրա խոսքով, առավոտից մարդիկ գալիս, քվեարկում էին, և հեռանալիս գլխավ անում Հանրապետականի վստահված անձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG