Մատչելիության հղումներ

«Վեկալ գցի, Ռոզ տատի: Կարաս, չէ՞: Թե՞ էդ էլ անեմ»


Ավանի 1/03 տեղամաս ընտրության եկած 91-ամյա կնոջը 3 հոգով օգնեցին հասնել տեղամաս։

Բոլոր մատները ստուգելուց հետո սարքը վերջապես ճանաչեց կնոջ տվյալները։ Նրան ուղեկցող անձը, ով ներկայացավ որպես հարևան, ասաց, որ ինքն է խնամում տատիկին։

«Գոնյա մի 10,000 փող տային, բալա ջան: Բերիք հասցրիք ստե․․․ մենակ կնիկ եմ, ապրում եմ, մարդ չկա խնամող», - «Ազատության» հետ զրույցում պատմեց տիկին Ռոզան՝ բողոքելով, թե դժվարությամբ է եկել ընտրատեղամաս: Հարցին՝ թե այդ դեպքում ինչո՞ւ է եկել, պատասխանեց․ - «Հարևաննա բերել, տղա ջան: Գոնյա փող տային՝ մի 10,000, ապրեի: Թոշակով չեմ կարում ապրեմ»:

Կնոջը ուղեկցող տղամարդը՝ որպես հարևան ներկայացած Գեղամը, նրան տարավ քվեախցիկի մոտ: Կինն անգամ չէր էլ նայում, թե ում է ընտրում Գեղամը, պարզապես քվեախցիկի հարևանությամբ սեղանին հենված կանգնած էր։ «Տարոն Մարգարյան» բարձրաձայնեց հարևանը և գնացին քվեատուփի մոտ։ - «Վեկալ գցի, Ռոզ տատի: Կարաս, չէ՞: Թե՞ էդ էլ անեմ», - հարցրեց նա:

Այս տեղամասի հարևանությամբ ևս երկու տեղամաս կար։ Այստեղ մոտ 30 րոպեի ընթացքում մեկ տասնյակից ավելի տարեց մարդիկ եկան ուղեկցողներով: - «Մեր հարևաննա՝ եկել եմ օգնեմ, էդ կամերան տարեք էն յան», - դժգոհեց ուղեկցողներից մեկը՝ տեսնելով «Ազատության» տեսախցիկը:

3 ընտրատեղամասերը գտնվում էին նեղ փողոցում, այստեղ մի քանի տասնյակ մեքենաներ և մարդկանց կուտակումներ կային։ «Ելք» դաշինքի վստահված անձ Մարիամ Մարգարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ խնդրել է ոստիկաններից ցրել կուտակումները, բայց ոչինչ չեն արել։

«Երբ ազատ դիտորդներից մեկը մոտեցավ ու ասաց, որ այստեղ չի կարելի կանգնել, իրենք սկսեցին բրդել: Ես գնացի, որ նկարեմ: Նախ՝ շատ վատ էին խոսում, ոչ եթերային բառերով: Ասացին, որ իմ հեռախոսը կջարդեն, սպառնացին ինձ: Ու հետո մենք զանգեցինք ոստիկանություն, քննիչներն եկան: Ինչպես տեսնում եք՝ կուտակումները մասամբ են, բայց այս մարդիկ առավոտվա ժամը 9-ից կանգնած են այստեղ: Ի դեպ՝ իրենք ՀՀԿ-ի վստահված անձի հետ էին կանգնած», - պատմեց «Ելքի» վստահված անձը:

Հարևանությամբ հերթապահող ոստիկանին դիմեցինք, ասաց, որ կուտակումներ չի նկատել։

Տեղամասի հանձնաժողովի նախագահ Լիաննա Ղազարյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործընթացը նորմալ է ընթանում: Նա տեղյակ չէր, որ դրսում դիտորդները ոստիկանների են կանչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG