Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կնոջ հետ մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետը հանուն ինչի՞ քվեարկեց։ «Հանուն լավ Երևանի», - պատասխանեց Կարապետյանը՝ շարունակելով, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը:

Երևանի տրանսպորտի վիճակից վարչապետը գոհ չէ։ «Ազատության» հարցին, թե տեսե՞լ է ինչպես են մարդիկ երթևեկում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. - «Տեսել եմ և համարում եմ դա շատ վատ և ոչ հարմար ձև մարդկանց տեղափոխման համար։ Ես շատ մանրամասն, ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով չեմ հետևել քարոզարշավին, բայց վստահ եմ, որ Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է»։

Ճշտող հարցին, թե վեց տարում չկարողացավ իրականացնել, ևս քանի՞ տարի է պետք, որ կարողանա իրականացնել, Կարապետյանը պատասխանեց. - «Բազմաթիվ հարցեր կան, որ իրենց հերթը հասնում է, բազմաթիվ խնդիրներ կան, որ կարող է դեռ չորսը տարի չլուծենք, դա չի նշանակում, որ հինգերորդ տարին չի լուծվելու, չէ՞։ Դուք որ ասում եք՝ բոլոր խնդիրները մեկ տարվա մեջ հնարավո՞ր է լուծել։ Ես չեմ պնդում, որ վեց տարվա մեջ ամեն ինչ արվել է, բայց խնդիրներ կան, որոնց հերթը հասնելու է։ Մենք ունենք սահմանափակ կարողություններ, ֆինանսներ, ելնելով դրանից որոշակի հերթականություն է դրվում խնդիրների»։

Վարչապետը կարծում է, որ տարեցտարի ընտրություններն ավելի արդար ու թափանցիկ են անցնում: Քվեարկության նախօրեին, սակայն, ընդդիմադիր «Ելք» դաշինքը, ընտրակաշառքի բաժանման մասին բարձրաձայնեց:

«Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է։ Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում։ Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնանք, եկեք սպասենք, տեսնենք՝ իրավապահներն ի՞նչ կասեն», - ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը այսօր չհստակեցրեց՝ երբ կոալիցիոն հուշագրի ստորագրումից առաջ հրապարակված հարցազրույցում ասում էր, թե «պատրաստ է 2018-ից հետո էլ մնալ Հայաստանի վարչապետ ու դառնալ երկրի ղեկավարը», դա իր ցանկությո՞ւնն է, թե՞ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի հետ որոշակի պայմանավորվածություն կա: «2018-ին կտեսնեք ամեն ինչ», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG