Մայիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են:
Ընտրություններում առաջադրվել են, ըստ այբբենական կարգի, «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Երեք ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և, համապատասխանաբար, քաղաքապետի թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Տարոն Մարգարյանը: Վերջինս գործող քաղաքապետն է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերից:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:
Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև: