Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Հագվի համայնքի ղեկավար Հայկասար Մայիլյանը համոզված է, որ իրենց գյուղում աշխատող մարդը կարող է ապրել։

«Էն մարդը, ով ձգտում ա աշխատանքի, ուզում ա աշխատի, ապրի, ապրում ա, իսկ էն մարդը, որ, մեր հայկական լեզվով ասած, լոդր ա, նա ընդամենը գյուղամեջում կանգնիլ տի, ով գա՝ նրանից, էն մեկից, էն մյուսից ծխախոտ խնդրելու համար: Այն մարդը, ով կաշխատի, նա էլ կարող է ապրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մայիլյանը:

Մինչդեռ գյուղամիջում հավաքված հագվեցիները, ովքեր իրենց մի-մի գլուխ անասունին արոտի էին տարել ու խաղաքարտերը ձեռքներին խոսքուզրույցի բռնվել, հակադարձում են՝ գյուղում հողին կպչելու համար եղածը շատ քիչ է։

«Մենք վարելահող չենք ունեցել, շատ քիչ ա, ժողովուրդն էլ ի վիճակի չի․․․», - ասաց նրանցից մեկը:

«Հա, ունենք, պրոստը ցանում ենք, բայց ցանածը չենք կարում արդյունքի հասցնենք՝ կոմբայն չունենք, հնձող մեքենա չունենք, հավաքող չունենք, կապող չունենք, վարող չունենք, ոչ մի մեխանիզմ չկա Հագվի: Ու հագվեցուն էլ, տեղացուն էլ պետք ա մեխանիզմ, որ դաշտը գնա, դաշտում մի գործ կարենա անի, ձեռով ոչ մի բան չենք կարա, ցորեն ձեռով ցանեմ՝ ինչո՞վ հնձեմ, ի՞նչ անենք, ո՞նց կասեք», - շեշտեց մեկ այլ հագվեցի:

«Զոռի գոյատևում ենք, ի՞նչ ասենք, բողոքավոր ենք, էն էլ ինչ ձևի», - ասաց երրորդը:

«Ի հա, կանք, էլի, ա՛յ բալա: Որ տղես կշտիս ըլեր, լավը կըլեր, էլի, Ավստրիայումն ա, ո՞նց տի ըլիլ», - ասաց հագվեցի մի կին:

Գյուղի կենտրոնում մի փոքրիկ տուն կա։ Դարպասին խնամքով գրված է՝ «Խանութ»։ Արսենն է տարիներ առաջ հիմնել՝ հույսով, թե բիզնես կդառնա։ Ալավերդուց ահագին հեռու այս գյուղում խանութը պետք է որ իրեն արդարացներ, սակայն ապառիկի օրեցօր հաստացող տետրերում անունները չեն պակասում։

«Տասը մարդուց եզակի, էրկու մարդ, որ կարա նաղդով առևտուր անի՝ տասը մարդուց...», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արսենը: - «Ստեղ առևտուրը գնում ա, էն էլ եթե բարեխիղճ ըլեն․․․ Ասում ա՝ ինձ 10 հազար, 20 հազար տու, կբերեմ նպաստին կտամ, նպաստին գալիս ա, որ տա, ասում ա՝ վայ, էրեխեն հիվանդացել էր, չեմ կարա: Հաջորդ ամիսը տանում ա, դառնում ա, խոսքի օրինակ, 40, 50, և սենց դառնում ա միլիոնների պարտք, որ դա հնարավոր չի, որ մեկից ասես՝ տո՛ւ, կամ էս անես, կամ էն անես: Մենք էլ, շեն կենա, վարկ ենք վեր ունում, գազերներին տալի, սենց, չես հասկանում ո՛չ էս, ո՛չ էն»:

Հագվիում ընտրությունների թեման դեռ չի մարել։ Քննարկում էին վաղը Երևանում կայանալիք ավագանու ընտրություններն ու համեմատում մեկ ամիս առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների հետ։

Հիմնականում իշխող կուսակցության օգտին քվեարկած գյուղում ընտրակաշառքի թեման չեն շրջանցում։

«Գիդեցել ենք, որ ներկա ղեկավարությունը իշխում ա, հլա հույսով ապրել ենք, հմի արդեն էլ հույս չունենք՝ ոչ մի բանի: Արդեն պտի մարդ իրա ուզածին ընտրի», - ասաց գյուղացիներից մեկը:

«Եթե դու ունես թեկնածություն, պաժալստա՝ փողը տուր՝ ես քեզ ընտրեմ», - ասաց երկրորդը:

«Դե կաշառքով երգիրն էլ էս ա ըլում, էլի, հենց սօրվա վիճակը, կաշառքով երգիրը հենց էս ա, դրա հմա էլ էս օրին ենք: Սօր կարտն ա ձեռներիս՝ խի՞ չենք մենք դաշտում, ամեքս մի գործ, կարտոշկա ցանած, զբաղվում», - նշեց մեկ այլ հագվեցի:

«Գոնե հույս ունենանք, որ էդ փողեր են ծախսել, ընտրությունը կատարվել ա, հմի իրանց փողերը վերականգնելուց հետո գոնե ժողովրդին մտիկ անեն․․․»:

«Մեզ չի հասնիլ, կաշառքն էլ գիդեն՝ ում են տալի, մեր նմաններին կաշառք չեն տալի, մերը զաստավիտ ա, ասում ա՝ գնա ընտրե՛ք, վսյո, վերջացավ, գնաց․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG