Մատչելիության հղումներ

«Կումայրի» ծրագրի տարածքում ապրողներն անորոշության մեջ են


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Գյումրիում տուրիզմի զարգացման նպատակով իրականացվող «Կումայրի» ծրագրի տարածքում ապրող բնակիչներն անորոշության մեջ են: Նրանցից շատերը տեղյակ չեն, թե «Կումայրի» արգելոցի տարածքում ինչ է կառուցվում, ու իրենց ինչ են առաջարկում: Ոմանց դռները թակել ու տները վաճառելու առաջարկ են արել:

«Առաջարկություն եղել է՝ Երևանից էին, զանգահարեցին՝ տունը վաճառելու մասին, ես կտրականապես հրաժարվեցի: Հետագան չգիտեմ: Իհարկե, խոսակցություններ շատ կան, ժողովուրդը՝ վախեցած ինչ-որ տեղ, չգիտեմ ինչ առումներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքի մի բնակչուհի՝ հարցին, թե ինչից են վախենում ավելի շատ, արձագանքելով․ - «Դե, չգիտեմ, չեմ կարծում, որ կարող են հենց մարդը տան մեջ ապրելու դեպքում գան հանեն և այլն: Չեմ կարծում, թե էդտեղ հասնեն»:

«Ես էդ ծրագրերին չեմ ուզե մասնակցել: Ես իմ հողամասս չեմ ուզե վաճառեմ: Ուզում եմ ցանկապատել, գեղեցիկ միհատմ պարտեզի նման բան սարքել փողոցի վրա: Էլի թող իրանց «Կումայրի» արգելանոցի ոճը պահպանվի, ես դեմ չեմ, քանի որ «Կումայրի» արգելոցի շրջան է՝ թող պահպանվի: Բայց իմ հողամասս իմ ձեռքիցս չառնեն, ես չեմ վաճառելու՝ ոչ կվաճառեմ, ոչ էլ էդ ծրագրին կմասնակցեմ», - ասաց մեկ այլ բնակչուհի: Հարցին՝ «ստիպողաբար եթե լինի, ի՞նչ եք անելու», նա հակադարձեց․ - «Ստիպողաբար ի՞նչ պիտի էնին օր, ի՞նչ կարող են անել: Ես 15 հազար դոլար եմ տվել առել, հարևանից եմ առել, հարևանը ըդիգ շատ լավ գիտե, էդ ի՞նչխ է՝ 15 հազար դոլար կուտա՞ն, եթե 15 հազար դոլար կուտան՝ ստիպված կուտամ»:

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը տները վաճառելուց բացի ևս մեկ առաջարկ է արել․ - «Կարող է գնվել, կարող է վերցնել երկարատև օգտագործման իրավունքով, այսինքն՝ ով որ էնտեղ շինություններ ունի, ինքը կարող է իր ունեցած շինությունը կամ շինության նկատմամբ իրավունքները փոխանցել ֆոնդին՝ ֆոնդի կառավարմանը, և ընթացքում, ինքը երբ որ արդեն սկսեց աշխատել՝ այդ բիզնես պրոյեկտը երբ որ աշխատեց, ինքը կունենա բաժնեմասեր, այսինքն՝ փայատեր է դառնում ինքը իր ներդրման չափով, և այդ ընթացքում, երբ որ արդեն եկամուտները եղավ, ինքը ստանում է իր դիվիդենտները՝ իր ներդրման չափով»:

Նշենք, որ կառավարությունը տարածքը իրացման գոտի դեռ չի ճանաչել: «Ազատության» հարցին՝ եթե չհամաձայնեն ոչ վաճառել իրենց սեփականությունը, ոչ էլ որպես բաժնետեր մասնակցել ծրագրին, ապա ի՞նչ է սպասում բնակիչներին, Գասպարյանը արձագանքեց․ - «Մենք չենք ուզում դեռևս դիմել շատ խիստ օրենքի այդ տված հնարավորություններին, դե գիտեք՝ Երևանում Հյուսիսային պողոտան շատ վատ օրինակ կարծես թե ծառայեց մեր ժողովրդի համար, մենք չենք ուզում էդ ճանապարհով գնալ, մենք ուզում ենք, որպեսզի ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ լուծվի: Ովքեր որ չեն ցանկանում կատարել, ես կարծում եմ, որ երևի նրանք ժամանակի ընթացքում կկողմնորոշվեն»:

Մինչ բնակիչները չգիտեն՝ ինչ է իրենց սպասում, Գյումրիի կենտրոնական Ռուսթավելի փողոցն արդեն երկու ամիս է փակ է: Հիշեցնենք՝ «Կումայրի» ծրագրին մասնակցում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը՝ 500 հազար դոլարի ներդրումով: Վարչապետի ընտանիքն արդեն Գյումրիի կենտրոնում՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան դիմաց գտնվող մեկ շենք գնել է, որը վերակառուցվելուց հետո դառնալու է հյուրանոցառեստորանային համալիր:

Ծրագրի մեկնարկին՝ մարտ ամսին Կարեն Կարապետյանը այցելեց, տեղեկացավ, որ տարածքի տների գները աճել են, ու «դուխով» առաջ գնալու հրահանգ տվեց:

Վարչապետի ընտանիքի գնած շինությունում, սակայն, արդեն որոշ ժամանակ է՝ շինաշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքի գլխավոր ճարտարապետից հետաքրքրվեցինք, թե որքանով են շենքը ձեռք բերել և արդյոք այլ շինություններ գնելու ցանկություն ունեն Կարապետյանները: «Դեռևս կոնկրետ չկան, բայց ցանկություն կա, որ ավելի ընդարձակվի: Չեմ կարող հրապարակել [ինչքանով է ձեռք բերվել այդ շենքը], այսինքն չգիտեմ էլ», - ասաց Հենրիկ Գասպարյանը:

Նրա հավաստմամբ՝ Գյումրիի նկատմամբ հետաքրքրությունը աճել է, հատկապես արտերկրից են փորձում ճշտել, թե ինչպես կարող են շինություն գնել: «Ե՛վ մեր համաքաղաքացիներն են զանգում՝ Ռուսաստանից, և՛ երևանյան ընկերներն են զանգում, և՛ նախարարություններից բարձրաստիճան պաշտոնյաներ են զանգում, հետաքրքրվում, այնպես որ՝ ամեն օր հետաքրքրության մեջ է սա, թե ինչ է լինելու, ոնց է լինելու, երբ է լինելու», - փոխանցեց քաղաքի գլխավոր ճարտարապետը:

«Կումայրի» արգելոցի տարածքում շուրջ 2 հազար շինություն կա: Դրանց զգալի մասը վնասված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG