Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը մեկնում է Չինաստան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնում է Չինաստան՝ մասնակցելու Պեկինում կայանալիք «Մետաքսե ճանապարհ» համաժողովին: Մայիսի 14-15 կայանալիք այս համաժողովի նպատակն է զարգացնելու Արևմուտք - Արևելք առևտրային, էներգետիկ, տրանսպորտային կապերը:

Համաժողովին մասնակցելու են տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ղեկավարները:

Թուրքական լրատվամիջոցները Էրդողանի նախատեսված հանդիպումներից, ելույթներից, առանձնացում և կարևորում են Պեկինում կայանալիք Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը: Նշվում է, որ նման ձևաչափով եռակողմ հանդիպում առաջին անգամ է անցկացվելու: Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Ռեջեփ Էրդողանը քննարկելու են նաև Սիրիայի ներկայիս իրավիճակը, հրադադարը ընդլայնելու հարցերը:

Չինաստանից Էրդողանը մեկնելու է Վաշինգտոն, որտեղ մայիսի 16-ին նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա կլինի նրանց դեմ առ դեմ առաջին հանդիպումը Թրամփի նախագահ ընտրվելուց հետո:

Այս այցելություններից առաջ Թուրքիայի նախագահը այսօր մամուլի ասուլիս է տվել: Նա անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին ու քննադատել քրդական ջոկատներին զինելու՝ Միացյալ Նահանգների որոշումը:

Hyurriyet Daily News-ի փոխանցմամբ, Էրդողանը այսօր ասել է, թե Սիրիայի ահաբեկչական կազմակերպությունները տարածաշրջանում սպառնալիք են ոչ թե Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի, այլ Թուրքիայի համար: Էրդողանն ասել է, թե կարծում է՝ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ն դեռ գտնվում է անցումային շրջանում և Վաշինգտոնին կոչ է արել երկկողմ հարաբերություններում ավելի զգույշ լինել: Նա հայտարարել է, որ քրդական ջոկատներին զինելու՝ Վաշինգտոնի որոշումը վնաս է հասցնում թուրք-ամերիկյան հարաբերություններին: Էրդողանն ասել է, թե մայիսի 16-ին Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը նրան հորդորելու է չեղարկել Սիրիայի քրդական ջոկատներին զենք տրամադրելու որոշումը: Էրդողանն ասել է, որ նաև բարձրացնելու է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը: Անկարան պնդում է, որ նա է կանգնած Թուրքիայում ձախողված զինվորական հեղաշրջման փորձի հետևում:

Էրդողանն այսօրվա ասուլիսում համոզմունք է հայտնել, որ իր այցելությունը Վաշինգտոն կդառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների անկյունաքարը:

Սիրիայի քրդական ջոկատներին զինելու հետ կապված Անկարայի մտահոգությունները փորձել է ցրել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: Լոնդոնում նա հանդիպել է ԱՄՆ-ի եվրոպական գործընկեր մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը վերահաստատել է Թուրքիային պաշտպանելու՝ Վաշինգտոնի հանձնառությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG