Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել


ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել, և որքան շուտ, այնքան՝ լավ, նախօրեին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ:

«Կրկին եկել է ժամանակը, որ կողմերը քաղաքական անկեղծ հանձնառություն ստանձնեն և պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության՝ հիմնվելով մինչ օրս կատարված աշխատանքի վրա: Իրատեսական չէ եզրակացնել, թե հազվադեպ հանդիպումները բավարար են տևական խաղաղության հասնելու համար: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են, բովանդակային երկխոսություն են ունենում՝ անդրադառնալով լուծման կարիք ունեցող առանցքային հարցերին: Մենք կուզենայինք, որ նախագահները կրկին դեմ առ դեմ հանդիպեին, և որքան շուտ, այնքան՝ լավ», - ասել է նա:

Վերստին ընդգծելով, որ համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև այդ հանդիպումը կազմակերպել, ամերիկացի համանախագահը միաժամանակ որոշակի պահանջներ է դրել նրանց առջև՝ ակնարկելով, որ դրանց կատարումից հետո իրենք պատրաստ են գործնական նոր առաջարկներ ներկայացնել․ - «Երբ բանակցություններում նման բարձր մակարդակով հանդիպում կայանա, կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլև նշեն՝ ինչպես են իրենք կյանքի գործելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Երբ հասնենք այդ բանակցություններին, մենք կարող ենք արդեն գործնական հարցերի շատ ավելի ընդարձակ ցանկ դնել սեղանին, որոնք կսկսեն օգուտներ բերել միանգամից երկու կողմին էլ: Սրանք ներառում են տնտեսական ու առևտրային նախաձեռնություններ՝ տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կապերը զարգացնելու ու վերականգնելու, զբոսաշրջությունն ու ժողովուրդների միջև հանդիպումները խթանելու ուղղությամբ»:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ քառորդ դար շարունակվող բանակցությունների արդյունքում մշակվել են սկզբունքներ, ընկալումներ ու փաստաթղթեր, որոնք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա: - «Խնդիրն է՝ օգնել կողմերին քաղաքական կամք գտնել և անել վերջին, նշանակալից քայլը առաջ՝ հաղթահարելով դեռևս առկա տարաձայնությունները», -հայտարարել է ամերիկացի համանախագահը՝ փաստելով, որ այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում:

«Առաջընթացը, անշուշտ, կախված է կողմերի քաղաքական կամքից ու անկեղծությունից, որոնք առայժմ բացակայում են, սակայն, մենք չենք ընկրկում, և կողմերն էլ չեն հանձնվում՝ յուրաքանչյուրը շարունակում է փնտրել դեպի տևական խաղաղություն տանող ճանապարհը: Միացյալ Նահանգները մնում է պատրաստ՝ օգնել հնարավոր ամեն ինչով, բայց, անշուշտ, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարություններն են, որ պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար: Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել է Ռիչարդ Հոգլանդը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նաև նշել է, որ միջնորդները ծրագրում են մոտ ապագայում՝ ամենայն հավանականությամբ, հունիս-հուլիսին կրկին այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG