Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակության ղեկավարը մտահոգիչ է համարում ՀՀԿ շտաբում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մտահոգիչ է համարում Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը:

«Չէի ցանկանա այս պահին որևէ եզրակացություն անել, դեռ շատ վաղ է, թեև ճշմարիտ կլինի ասել, որ յուրաքանչյուր նման ազդակ արժանանում է մեր ուշադրությանը և մտահոգիչ է մեզ համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԵՄ ներկայացուցիչը: - «Կարող եմ ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամենուրեք ամբողջ աշխարհում վատ սովորությունները շատ դժվար են վերանում, բայց լավատեսությունը չենք կորցնում: Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները և բոլոր շահագրգիռ կողմերը շատ լավ հասկանում են, որ քաղաքական մշակույթի ձևավորման խաթարումը լավ հետևանքներ չի ունենա երկրի ապագայի համար», - հավելեց Սվիտալսկին:

Երեկ ուշ երեկոյան գործող քաղաքապետի շտաբ մուտք գործած «Հայկական ժամանակի» լրագրողը «Ազատությանը» պատմել էր, որ տեսել է քաղաքացիների, որոնց ձեռքին եղել են երրորդ համարի՝ Տարոն Մարգարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ: Լրագրողը նաև 20 հազար դրամանոցներ էր նկատել:

Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում Գյումրի այցելած եվրոպացի դիվանագետից հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ի ընտրություններից 1.5 ամիս անց Երևանի ավագանու ընտրություններին արդյոք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների մտահոգությունները ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված փարատվել են, թե ոչ:

«Հուսով ենք, որ այն թերությունները, որոնք արձանագրվեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կշտկվեն մինչև քաղաքապետի ու ավագանու ընտրություններ», - նշեց Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք համագործակցելու մեր հայ գործընկերների հետ նման բացասական երևույթները արմատախիլ անելու նպատակով: Իհարկե, կսպասենք, որպեսզի ընտրվեն լավագույն ճանապարհները: Այլ ուղղությամբ մենք որևէ բան չենք պատրաստվում պարտադրել: Բայց, իհարկե շատ սթափ կերպով փորձելու ենք հետևել բոլոր գործընթացներին և բացահայտել այն հատվածները, որտեղ Եվրամիությունը կարող է օգնել Հայաստանին ստեղծելու իսկապես առողջ ժողովրդավարություն: Հուսով ենք, որ իսկապես Երևանում հիմքեր կստեղծվեն մեզ համար լավատեսության առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG