Մատչելիության հղումներ

Քարոզարշավի վերջին օրը Տարոն Մարգարյանը հանդիպումներ անցկացրեց Կենտրոն համայնքում


Երևանի ավագանում ընտրությունների քարոզարշավի վերջին օրը քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրողների հետ հանդիպում անցկացրեց Կենտրոն համայնքում:

Մարգարյանին ուղեկցում էին ավագանու անդամի թեկնածուներ Հովիկ Մուսայելյանը, Սմբատ Լպուտյանը, Արա Երնջակյանը: Իրենց ելույթներում նրանք կոչ էին քվեարկել հոգուտ ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի, քանի որ վերջինս քաջածանոթ է քաղաքի խնդիրներին:

«Երևանը փորձադաշտ չի, և Երևանի քաղաքապետի պաշտոնը փորձաքար չի․․․ Մենք ուզում ենք ընտրել Երևանի քաղաքապետ, որը շռայլ խոստումնե՞ր է անընդհատ տալիս, թե՞ մենք ուզում ենք ընտրել քաղաքապետ և քաղաքապետի թիմ, որը կատարված աշխատանք ունի և երևանցիներին հաշվետվություն տալու նաև ցանկություն ունի», - ասաց Հովիկ Մուսայելյանը:

«Երևանցին իր քվեն տալու է այն թիմին, ում համարում է իրենցից մեկը: Մենք ձեզանից մեկն ենք, սիրելի երևանցիներ: Եվ համոզված ենք՝ միասին ենք կառուցելու մեր մեծ տունը՝ հանուն Երևանի», - իր ելույթում ասաց Տարոն Մարգարյանը:

Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր գործող քաղաքապետի վերաբերմունքը «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ՀՀԿ-ի շտաբում գումարի ու քվեաթերթիկների հայտնաբերման մասին: Մարգարյանն արձագանքեց, թե շտաբն արդեն այդ մեղադրանքը հերքող հաղորդագրություն է տարածել՝ չցանկանալով մանրամասնել:

Ընտրակաշառք բաժանելու լուրերին վերաբերող՝ «Ազատության» հարցին ի պատասխան, Մարգարյանը կտրականապես հերքում է դրանք:

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե ոստիկանության աշխատակիցներն են ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցության թեկնածուի համար՝ նշելով, մասնավորապես, թե ՀՀԿ-ի շտաբերից մեկում ֆաքս է հայտնաբերվել, թե ով քանի ձայն պետք է բերի:

Այս առնչությամբ Տարոն Մարգարյանն ասաց․ - «Իրավապահները թող քննեն, եթե դրանից հետո հարցեր կառաջանա, ես պատրաստ եմ պատասխանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG