Եռամսյա սպասումից հետո Կիրակոսյանը հույսը կտրել է, թե կարող է դրամաշնորհ կամ ցածր տոկոսադրույքով վարկ ստանալ․ - «Թող գան նայեն, ասեն՝ չէ, քեզ չի հասնում էդքան փող, քեզ հասնում ա հինգ միլիոն․․․ 30 միլիոն փող էի ուզել: Ո՛չ ասող էլավ, ո՛չ եկող էլավ: Մենակ ձայների համար էկան, որ իրանց ձայները տանեն․․․ Էս էլ որերորդ անգամն ա, խաբում են»:
Ներկայացված ծրագրից միակ տեղեկությունը ստացել է Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին տեղեկացել է, որ այն հասել է Տարածքային կառավարման նախարարություն, որտեղ ասել են, թե հավանել են:
Մինչդեռ այգեգործական աշխատանքներն արդեն սկսվել են․ - «Օգնեն․․․ կտանք փողը, հո չենք ասում նվիրեն: 5 տարով, 10 տարով տան, դնենք: Կաշխատենք, փողը կտանք իրանց: Էդ էլ էր սովորական իրանց սուտ խոստումները, ոնց որ միշտ են անում»:
Կիրակոսյանը ազնվամորու, հոնի և մոշի երեք հեկտար այգի է տնկել: Այժմ մոտ 20 աշխատող ունի, բերքահավաքի ամիսներին նրանց թիվը կկրկնապատկվի: Երեք տարի միայն ներդրել է: Այս տարի առաջին բերքից մոտ 10 միլիոն դրամի ակնկալիք ունի, իսկ հետագայում ծրագրում է եկամուտը հասցնել 30-40 միլիոնի:
Հագվի գյուղի տարածքում անմշակ հողերն այգի դարձրած գյուղատնտեսը նշում է, որ մինչև այսօր ոչ մեկից աջակցություն չի ստացել, միայն փորձել են խանգարել: Անցած տարի մայրաքաղաքից մարդիկ են եկել, խողովակներ են բերել այգու կողքով հոսող Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու համար: Նորաստեղծ այգին ոռոգելու միակ աղբյուրը հանդիսացող գետը ամբողջովին ցամաքելու վտանգի տակ էր: Ամբողջ գյուղով կանգնել են ու արգելել․ - «Շատ դժվար էր, շատ միջնորդներ էղան , շատ սպառնալիքներ եղան, բայց չհամաձայնվեցինք»:
Ռուսլան Կիրակոսյանը նախատեսում է երկու հեկտարով մեծացնել այգին, և սպասում է վարչապետի խոստացած աջակցությանը․ - «Հայաստանում դրամաշնորհներ կան․ թե ուր ա գնում, ինձ նման մարդիկ չգիտեն: Թող մեզ էլ տան: Դրամաշնորհ տան, մինչև 5 տոկոս վարկեր տան, ոչ թե 25-30 տոկոսով վարկ տան»: