Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայով Սերժ Սարգսյանը լուծում է 2018-ից հետո իշխանության մնալու խնդիրը


ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: 11-ը մայիսի, 2017 թ․
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողությունը: 11-ը մայիսի, 2017 թ․

Նախագահ Սարգսյանը, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, չի հրաժարվել պաշտոնավարման ավարտից հետո վարչապետ դառնալու մտքից․ - «Հանրապետականն ինքը ամենևին միատարր չէ, և Սերժ Սարգսյանին խորհրդարանում, բացի ֆորմալ մեծամասնությունից, անհրաժեշտ է նաև դե ֆակտո ավելի լայն մեծամասնություն՝ 2018-ի վարչապետի խնդիրը լուծելու համար, և ընդհանրապես, նախագահի պաշտոնից հետո իր կարգավիճակի և իշխանության խնդիրը լուծելու համար: Կոալիցիայի բուն իմաստը հենց դա է՝ ունենալ Դաշնակցության աջակցությունը էս հարցում, ստվերային, ոչ-ֆորմալ մեծամասնություն ձևավորելու առումով»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կոալիցիոն հուշագրի ստորագրման նախօրեին հայտարարեց 2018-ից հետո վարչապետ մնալու ու երկիրը ղեկավարելու ցանկության մասին: Հանրապետական կուսակցությունը, սակայն, այս հայտարարությունից հետո էլ չշտապեց հստակեցնել, թե արդյոք 2018-ից` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո, ով է լինելու վարչապետի իր թեկնածուն:

Լինելով ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, Կարապետյանը չստորագրեց նաև կոալիցիոն հուշագիրը: Հակոբ Բադալյանը կարծում է, որ այս կոալիցիան Կարապետյանի սրտով չէ․ - «Կոալիցիայի շահառուների շարքում Կարեն Կարապետյանը եթե կա, ապա ամենավերջին շարքերում է: Էստեղ Կարեն Կարապետյանի որոշակի դժգոհությունը նաև ակնառու է նույնիսկ կոալիցիա կազմելուց առաջ արած մի քանի հայտարարություններում: Մասնավորապես գրեթե շեմին հրապարակվեց նրա հարցազրույցը ավստրիական ռադիոյին, որտեղ նա հայտնում էր վարչապետ մնալու պատրաստակամությունը: Եվ շատ ուշագրավ մեկ այլ հետաքրքիր բան էր ասում, որ պետք է առաջիկա հինգ տարիներին Հայաստանում փոխվի քաղաքական որոշումների կայացման ընթացակարգը, էլիտայի դերը փոխվի և այլն: Սա փաստացի անհամաձայնությունն էր հենց էն պրոցեսին, որ արձանագրվում է կոալիցիայի տեսքով»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով, Դաշնակցության հետ կոալիցիա կազմելով՝ Սերժ Սարգսյանը թուլացնում է վարչապետի դիրքերը, որպեսզի 2018-ից հետո եթե նույնիսկ չլինի վարչապետ, շարունակի վերահսկել կառավարությունը․ - «Այնտեղ կան ուժայիններ, որոնց նախագահն է նշանակում, կան նախարարներ կոալիցիոն քվոտաներով Դաշնակցության․․․ եթե դրանք հանում են, տակը բան չի մնում, այսինքն՝ վարչապետը իր թիմը չի ունենում: Թեև ըստ Սահմանադրության վարչապետը պիտի սուպերլիազորություններ ունենա, բայց եթե նա չի վերահսկում կառավարությունը, նա չի կարող օգտվել այդ լիազորությունից: Անգամ այդպիսի լիազորություններով, նա Անգլիայի թագուհու նման կարող է լինել վարչապետի պաշտոնում: Ես կարծում, որ Սերժ Սարգսյանը, թուլացնելով Կարեն Կարապետյանին, նաև իր մտքում ունի այդ ծրագիրը, որ նույնիսկ այո, թող Կարեն Կարապետյանը 2018-ից հետո էլ շարունակի լինել վարչապետ, բայց միևնույն է, նա իշխանության լիարժեք կրող չի կարող լինել, և Սերժ Սարգսյանը պիտի շարունակի վերահսկել»:

Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է 2018-ից հետո էլ լինել վարչապետ: Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ եթե հետևում ենք նրա քաղաքական ուղուն, պարզ է դառնում, որ նա երբեք մեկ ծրագիր չի ունենում․ - «Նա միշտ ունենում է «Պլան Բ», «Պլան Գ»․․․ Ինքը կլինի կա՛մ վարչապետ, կա՛մ դիտարկում է նաև երկրորդ տարբերակը, որ եթե ինքը չլինի, սարքում է այնպիսի մոդել, որ ով էլ լինի, մինևնույն է, ինքը ղեկավարի: Ընդունված է կարծել, որ եթե նա Կարեն Կարապետյանին թուլացնում է, նշանակում է, որ նրան չի նշանակի վարչապետ: Իմ կարծիքով, ճիշտ հակառակն է՝ ինչքան թուլացնի, այնքան նրան [Կարեն Կարապետյանին] վարչապետ նշանակելու շանսերը կմեծանան: Որովհետև Սերժ Սարգսյանին պետք է թույլ վարչապետ, որպեսզի ինքը կա՛մ երկիրը ղեկավարի գենսեկի կարգավիճակով՝ իշխող կուսակցության ղեկավարի, կա՛մ գուցե, այս երկու օրը շրջանակվեց, Անվտանգության խորհրդի նախագահի կարգավիճակով, որը նոր Սահմանադրությամբ նույնպես լուրջ լիազորություններ է ունենալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG