Մատչելիության հղումներ

Երկու տարվա պայմանական ազատազրկում հանրաքվեի օրը «Ազատության» աշխատակիցներին խոչընդոտած կնոջ նկատմամբ


Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանին, ով 2015-ի դեկտեմբերի 6-ի՝ սահմանադրական հանրաքվեի օրը խոչընդոտել էր «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան։

Այսօր դատական վերջին նիստի ընթացքում հնչեցին մեղադրական, պաշտպանական ճառերն ու ամբաստանյալի վերջին խոսքը:

Մեղադրող կողմը՝ երեք տարվա ազատազրկում էր պահանջել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու պայմանով:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Սիրուշ Հովհաննիսյանը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն էր գործադրել և խոչընդոտել նրա և «Ազատության» օպերատոր Գարիկ Ազիբեկյանի մասնագիտական աշխատանքը:

«Մասնավորապես, Սիրուշ Հովհաննիսյանը Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց լրագրողից և օպերատորից պահանջել է դադարեցնել նկարահանումը և հեռանալ շտաբի տարածքից: Անուշ Մկրտչյանը և Գարիկ Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գարիկ Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը», - ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG