Մատչելիության հղումներ

ՀՀԿ շտաբում բաժանվել է ոչ թե իրական քվեաթերթիկ, այլ քարոզչական նմուշ. ԿԸՀ նախագահի արձագանքը


«Ազատություն»-ը զրուցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում ընտրակաշառաք բաժանելու մասին՝ «Ելք» դաշինքի ահազանգի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հատված Մուկուչյանի հետ մեր զրույցից:

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, «Ելք» դաշինքը տեսանյութ է հրապարակել, համաձայն որի, պնդում է, որ Տարոն Մարգարյանի Մալթիա-Սեբաստիա համայնքի շտաբերից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել, և նաև ականատես լրագրողը, կարծես թե խոսում է, որ տեսել է քվեարկած քվեաթերթիկներ։ Դուք ծանո՞թ եք սրան, և հնարավոր համարո՞ւմ եք, որ նման բան տեղի ունեցած լինի։

Մուկուչյան. - Տեղեկությանը ծանոթ եմ, որովհետև այդ նյութերը հրապարակային են, այդ նյութերին ծանոթացել ենք։ Հիմա նյութերի վերաբերյալ իրենք նաև հաղորդում են ներկայացրել, և, բնականաբար, պետք է, իրավապահ մարմինների կողմից իրականացվեն գործողություններ։ Դուք գիտեք, որ արդեն տեսանյութերից էր պարզ, որ հաղորդումները ներկայացված են։ Ինչ վերաբերում է հանգամանքների ճշգրտման հետ կապված խնդիրներին, մասնավորապես, քվեաթերթիկների հետ կապված, մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ այդ կապակցությամբ։ Պարզաբանվել են, որ դրանք որևէ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին, նմուշը նույն է, դա քարոզչական բնույթ կրող նյութ է, որի վրա առկա է նմուշ ձևակերպումը, տպաքանակ է գրված, և դա ծառայել է որպես քարոզչական բնույթի նյութ, որպեսզի դրանով պարզաբանվի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Մեզ տրված պարզաբանումը եղել է այդպիսին։

«Ազատություն». - Ո՞վ է նման պարզաբանում տվել։

Մուկուչյան. - Փորձել ենք հասկանալ այն շտաբից, որտեղից որ տեղեկատվությունը ստացվել էր, թե ինչ քվեաթերթիկներ են, որովհետև շրջանառվում էր քվեաթերթիկներ եզրույթը, հասկանալու համար, թե ինչի մասի է խոսքը, որովհետև քվեաթերթիկները գտնվում են տարածքային հանձնաժողովներում, դրանք դեռևս տեղամասային հանձնաժողովներին էլ չեն հատկացվել, և ընդհանրապես դրանք որևէ մեկին չեն էլ տրամադրվել, և պարզաբանումը եղավ այդպիսին, որ դրանք քվեաթերթիկի նմուշը հաստատելուց հետո իրենք այդ ձևանմուշը վերցրել են և վրան նմուշ ձևակերպմամբ՝ նշված է նմուշ, նշված է տպաքանակ, և այդ եղանակով զուտ որպես քարոզչական նյութ, այսինքն՝ այդ քվեաթերթիկները որևէ եղանակով չեն կարող քվեարկության ժամանակ օգտագործվել։

«Ազատություն». - Իսկ կարելի՞ է վերցնել այդ նմուշը և օգտագործել որպեսզ քարոզչական նյութ։

Մուկուչյան. - Որևէ սահմանափակում առկա չէ։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ հնարավոր էր իրական քվեաթերթիկ հայտնվեր ՀՀԿ-ի ձեռքում։

Մուկուչյան. - Միանշանակ՝ այո, և ավելի ասեմ՝ պետք է նայենք նոր իրավակարգավորումների տեսանկյունից մի շատ կարևորագույն հանգամանքի, որ նոր իրավակարգավորումների համաձայն, քվեաթերթիկ, որպես ընտրողի ձայն կրող փաստաթուղթ, ինքը դառնում է այն դեպքում, երբ նա ունենում է իրեն փակցված ինքնասոսնձվող դրոշմանիշ, որովհետև ինքն իրենով դատարկ է։ Հետևաբար այն որևէ պարագայում չի կարող ըստ էության համարվել փաստաթուղթ, որը կարող է այս կամ այն ազդեցությունն ունենալ, որովհետև քվեաթերթիկը, երբ տեղադրվում է ծրարի մեջ, դրանից հետ նրա վրա փակցվում է ինքնասոսնձվող դրոշմանիշ և արդեն դրանից հետո, ըստ էության, նա քվեարկողի կամարտահայտությունն արտահայտող սահմանված նմուշին համապատասխանող փաստաթուղթ է դառնում։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, իսկ այդ 20 հազարական դրամ ընտրակաշառքի հետ կապված որոշակի պարզաբանումներ ստացե՞լ եք շտաբից։

Մուկուչյան. - Ես այս պարագայում չեմ կարող դրա վերաբերյալ որևէ տեսակետ ներկայացնել ընդհանրապես, որովհետև գիտեք՝ իրականացվում է քննություն և դրա նպատակն է պարզելու համար՝ եղե՞լ է նման դեպք՝ թե՞ ոչ, եթե եղել է, ի՞նչ է իրենից ներկայացրել։

«Փաշինյանի խոստման հետ կապված իրավական առումով խախտում արձանագրված չէ​»

«Ազատություն». - Փաշինյանի նախընտրական խոստման հետ կապված ԿԸՀ-ն սկսել էր ուսումնասիրել...

Մուկուչյան. - Ես նշել էի, որ ԿԸՀ-ն ծանոթ է, ուսումնասիրություններ իրականացվում էր, և եթե ձևավորվեր դիրքորոշում, որ դա հանդիսանում էր օրենքի խախտում, ԿԸՀ-ն այդ կապակցությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկեր։

«Ազատություն». - Այս պահի դրությամբ, ամեն դեպքում, դուք խախտում չե՞ք արձանագրել։

Մուկուչյան. - Այս պահի դրությամբ իրավական առումով խախտում արձանագրված չէ, եթե լիներ, դրա մասին կբարձրաձայնեինք և դրա մասին բոլորը կիմանային։

Հիշեցնենք, քարոզարշավներից մեկի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, որ եթե ինքը քաղաքապետ ընտրվի, ապա յուրաքանչյուր քաղաքացի, ով կասի, որ ընտրակաշառքով չի ընտրել՝ քաղաքային բյուջեից կստանա 15 հազար դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG